Զբաղվածության կենտրոնի հաշվետվությունները նկարած են, հաշմանդամություն ունեցող 25,000 գործազուրկների թիվը չի նվազում. քաղաքացին բողոքում է՝ իրեն աշխատանքի չեն տեղավորում

19:17 • 20.11.19

Զբաղվածության պետական գործակալությունը հավաստիացնում է, որ ամեն ինչ անում են, բայց իրականում ոչինչ չեն անում, ոչինչ չի փոխվում: Նրանց պետք է ստիպել, որ ճիշտը ասեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Նազարյանը, ով հաշմանդամություն ունի և տևական ժամանակ է՝ պայքարում է աշխատանքի համար, սակայն այն դեռ չի ստացել:

«Ես հաշմանդամություն ունեմ ու բավական ժամանակ է պայքարում եմ, որպեսզի իմ սոցիալական խնդիրները լուծվեն, սակայն միայն քաշքշուկի մեջ եմ ընկնում:  Զբաղվածության գործակալությունը ոչինչ չի անում: Նախարարի հետ եմ հանդիպել, բայց խնդրին լուծում չի տրվել»,- ասաց նա:

Կարեն Նազարյանի խոսքով՝ նրան մի քանի տեղ են ուղղորդել՝ հաշվի չառնելով նրա ֆիզիկական վիճակը: Նա նշեց մի քանի աշխատատեղեր, որոնք հարմարեցված չեն եղել նրա խնդիրներին, կամ աշխատավայրերը շատ հեռու են եղել:

«Վերջերս մի աշխատատեղ առաջարկեցին Աբովյան քաղաքում, որը և՛ հեռու էր, և՛ իմ մասնագիտության հետ կապ չուներ: Ես ֆինանսիստ հաշվապահ եմ, ինձ ադամանդագործություն են առաջարկում և մեղադրում, որ չեմ համաձայնում: Իմ մասնագիտությամբ ինձ ուղարկում են վերապատրաստման, բայց մասնագետներն էլ ասում են, որ ես այդ ամենը գիտեմ, կարիք չկա նորից սովորելու»,- նշեց նա:

Նա ներկայացրեց, որ հանդիպել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ, ով էլ հանձնարարական է տվել, բայց Բաթոյանի հանձնարարականը չեն կատարել, և հիմա նույն հարցով նրա հետ հանդիպել չի կարող:

Կարեն Նազարյանն ասաց, որ նրա համար անհասկանալի է Զբաղվածության պետական գործակալության ներկայացրած հաշվետվությունները: Ըստ նրա՝ այդ հաշվետվությունները կամ կեղծ են, քանի որ նշվում է՝ հաշմանդամներին աշխատանքի են տեղավորել, կամ խնդիրն անձնական է:

«Ասում եմ՝ իմ խնդիրն ինչո՞ւ չեք լուծում, ասում են՝ չենք կարողանում, ձերը բարդ է: Հետաքրքիրն այն է, որ 25000 գործազուրկ հաշմանդամություն ունեցողների թիվը չի նվազում, սակայն նրանք ասում են, որ շատերի խնդիրները լուծել են: Ստացվում է, որ նկարած հաշվետվություն են ներկայացնում նախարարությանը, կամ ինձ են արհամարհում»,- նշեց Կարեն Նազարյանը:

«Ծանոթ-բարեկամով են աշխատանքի տեղավորում: Քաղաքապետարանում գերազանցությամբ քննություն եմ հանձնել, բայց էլի ծանոթ-բարեկամով են աշխատանքի ընդունել: Ո՛չ իրենք են պետական ապարատում խնդիրը լուծում, ո՛չ էլ մասնավոր ընկերությունների են դիմում»,- ասաց նա:

Tert.am-ը փորձեց խնդրի մասին տեղեկանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, սակայն նշեցին, որ պետք է հարցում ուղարկել Զբաղվածության պետական գործակալություն: