2018-ից հետո ՀՀ-ում չի եղել մի փոփոխություն, որից ՀՀ-ն, Հայաստանի ժողովուրդը, նրա միասնականությունը տուժեն. Նիկոլ Փաշինյան
Հայերի սփռվածությունը մենք, որպես կանոն, ընկալում ենք որպես մեր պատմական դժբախտության հետևանք, բայց այս նոր ժամանակներում մենք փորձ պետք է անենք այդ մեր պատմական դժվարությունների հետևանքները դարձնել մի նոր առավելություն մեր ժողովրդի, պետության համար: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա կարևորեց այն կառուցողական ուժը, որ Հայաստանն ունի ամբողջ աշխարհում: «Ուզում եմ ընդգծել, որ հայերը բոլոր երկրներում, որ եղել են, նպաստել են այդ երկրի շենացմանը, ավանդ են ունեցել այդ երկրի տնտեսության, մշակույթի, գիտության, կրթության մեջ, և սա, թերևս, մեր ազգի ամենաբնորոշ գիծն է»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` 2018-ից հետո ՀՀ-ում չի եղել մի փոփոխություն, որից Հայաստանի ժողովուրդը տուժի, Հայաստանի Հանրապետությունը տուժի, հայ ժողովրդի միասնականությունը տուժի, և այդ փոփոխությունների պրոցեսը շարունակվելու է:
Վարչապետը հիշեցրեց իր ֆեյսբուքյան էջում տեղադրած «Տասը մնասի առակը»` նշելով, թե այն պատահական չէր:
«Մենք ուզում ենք մեր ժողովրդի առաջ հաշիվ տալու այդ եզրափակիչ պահին ասել` ահա, ներդրել ենք 10 մնասը, և ստացել ենք ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետություն, ուժեղ և հզոր կրթություն, ուժեղ և հզոր տնտեսություն, ուժեղ և հզոր բանակ, ուժեղ և հզոր հատուկ ծառայություններ, ի վերջո, ժողովրդին ծառայելով` այդ ժողովրդին դարձրել ենք շատ ավելի հզոր և ուժեղ, շատ ավելի ինքնավստահ»,-եզրափակեց նա:









