«Նա շատ համակրելի և անկեղծ մարդ է». Պուտինը խոսել է իր և Զելենսկու հարաբերությունների մասին

17:27 • 20.11.19

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կայացած «Ռուսաստանն է կանչում» ֆորումի ժամանակ խոսել է իր և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հարաբերությունների մասին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Ի՞նչ հարաբերություններ ունեմ ես Զելենսկու հետ: Ոչ մի: Ես նրան երբեք չեմ տեսել, մենք ծանոթ չենք, զրուցել ենք հեռախոսով: Ինձ թվում է, նա շատ համակրելի և անկեղծ մարդ է»,-ասել է Պուտինը ֆորումի ժամանակ ունեցած ելույթում:

Պուտինը համոզմունք է հայտնել, որ իր ուկրաինացի գործընկերը ցանկանում է իր երկրում տիրող իրավիճակը փոխել դեպի լավը, ինչն ապացուցվում է նրա իրական քայլերով, ինչպիսին է ուժերի տարանջատումը Դոնբասի շփման գոտում:

Ավելի վաղ Պուտինը հույս էր հայտնել, որ անձամբ կծանոթանա Զելենսկու հետ: ՌԴ նախագահը, խոսելով Ուրախների և հնարամիտների ակումբում Զելենսկու ելույթների մասին, նշել էր, որ նա լավ դերասան և տաղանդավոր մարդ է:

Զելենսկին, իր հերթին, հայտարարել էր, որ շատ բան ունի ասելու Ռուսաստանի նախագահին, և անգամ մտածել է առաջին նախադասությունը. «Սկսենք նրանից, որ Դոնբասն ու Ղրիմն Ուկրաինա են»: