Դավիթ Սանասարյանն ասել է, թե ով ինչպես է ընտրվել. ԲՀԿ-ական պատգամավորը՝ քրեական տարրերի հետ շփումների մասին (տեսանյութ)
ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները ԲՀԿ-ական պատգամավորներից հետաքրքրվեցին, թե արդյոք անձնական շփում ունեն հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ կամ արդյոք նրանց հետ սեղան են նստել կամ բաժակ բարձրացրել:
ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը պատասխանեց, որ անձնական կապերն այս դեպքում որևէ նշանակություն չունեն, եթե մարդը հանցանք է գործել, պետք է պատասխանատվության ենթարկվի:
«Իսկ եթե ուզում եք անցյալի մասին խոսենք, եկեք մեկ անգամ էլ նայենք վերջերս ՊՎԾ լիազորությունները դադարեցված պետի տված հարցազրույցը, որտեղ խոսում էր, թե ով ինչպես է ընտրվել: Նա հստակ ասել է»,- ասաց Արտյոմ Ծառուկյանը:
Հարցին՝ խոսքը Ալեն Սիմոնյանի մասի՞ն է, Ծառուկյանը պատասխանեց, որ Սանասարյանն ասաց այն, ինչ ուզում էր ասել:
Հիշեցնենք, որ ՊՎԾ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանն իր հարցազրույցում հայտարարել էր, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին ընտրություններին աջակցել են թաղային հեղինակությունները:
Դիտարկմանն էլ, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել էր ԼՀԿ-ին, որ դեմ է աշխատավարձերի և թոշակների բարձրացմանը, արդյոք ԲՀԿ-ն չի վախենում նման մեղադրանքներից, Ծառուկյանն ասաց, որ իրենք հստակ ներկայացրել են, թե ինչն է պատճառը, որ 2020 թվականի բյուջեի հանդեպ ունեն բացասական վերաբերմունք:
ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ հավելեց, որ իրենք բազմիցս են ասել, որ 2020 թվականի բյուջեն հեղափոխական չէ: «Մեր դիրքորոշումը բացառապես այս գործոնով է պայմանավորված եղել, իսկ ինչ վերաբերում է մեր խմբակցության դիրքորոշմանը՝ կենսաթոշակների բարձրացման կամ նվազագույն աշխատավարձերի հետ կապված, բնականաբար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես կողմ է լինելու նմանօրինակ նախաձեռնություններին»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է արտախորհդարանական ուժերի հետ համագործակցելուն, մասնավորապես «Վերնատուն» ակումբի, Իվետա Տոնոյանը նշեց, որ այդ ուժերն իրենց օրակարգով հանդես գալու իրավունք ունեն, սակայն ԲՀԿ-ն առաջնորդվում է իր սեփական օրակարգով: «Այդ դաշտի հետ համագործակցության որևէ օրակարգ չկա, մենք որպես խորհրդարանում ներկայացված ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն և երկրորդ քաղաքական ուժ, առաջնորդվում ենք բացարձակապես մեր օրակարգով»,- շեշտեց նա:









