«Ես պայքարի մեջ եմ մտնում պոպուլիզմի դեմ». Տուսկը Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար է ընտրվել
Եվրախորհրդի նախագահի պաշտոնից հեռացող Դոնալդ Տուսկն ընտրվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարի պաշտոնում: Այս մասին նոյեմբերի 20-ին հայտնել է ԵԺԿ մամուլի ծառայությունը, գրում է DW-ն:
Քվեարկությունը կայացել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում՝ կուսակցության 24-րդ համագումարի ընթացքում:
Տուսկի օգտին քվեարկել է 491 պատվիրակ, ինչը կազմում է ընդհանուր ձայների 93 տոկոսը, դեմ է քվեարկել 37 պատվիրակ:
Կուսակցության նորընտիր առաջնորդը նոր պաշտոնում մտադիր է ակտիվորեն պայքարել պոպուլիզմի դեմ:
«Ես պայքարի մեջ եմ մտնում պոպուլիզմի դեմ»,- ասել է նա։
«Մենք չենք զոհի քաղաքական ազատության, օրենքի գերակայության և հանրային կյանքի պարկեշտության արժեքները: Մենք չենք կարող անվտանգության մթնոլորտն ու օրենքի գերակայությունը զոհել քաղաքական պոպուլիստներին, մանիպուլյացիայի դիմողներին և իշխանատենչներին, որոնք մարդկանց ստիպում են հավատալ, որ ազատությունը չի կարող գոյակցել անվտանգության հետ և լիբերալ ժողովրդավարությունը չի կարող պաշտպանել մեր սահմանները»,- հավելել է Տուսկը:
Քաղաքական գործիչը ԵԺԿ նախագահի պաշտոնը կստանձնի 2019 թվականի դեկտեմբերի 1-ից՝ այդ պաշտոնում փոխարինելով Ժոզեֆ Դոյլին:
Հիշեցնենք, որ Տուսկը Եվրոպական խորհրդի նախագահ էր ընտրվել 2014 թվականին և երկրորդ ժամկետով վերընտրվել է 2017 թվականին:









