Գրետա Տունբերգը խաղաղության մանկական մրցանակի է արժանացել

10:59 • 21.11.19

Հաագայում նոյեմբերի 20-ին կայացել է Խաղաղության միջազգային մանկական մրցանակի հանձնման արարողությունը, հաղորդում է The Spokesman Review-ն:

Նշվում է, որ մրցույթի պատմության մեջ առաջին անգամ դափնեկիրներ են դարձել միանգամից երկու դեռահաս՝ շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը և կամերունցի իրավապաշտպան Դիվինա Մալումը:

Տունբերգն անձամբ չի կարողացել ներկա գտնվել արարողությանը, քանի որ ներկայում Ատլանտյան օվկիանոսով Իսպանիա է ուղևորվում՝ մասնակցելու կլիմայի վերաբերյալ ՄԱԿ-ի խորհրդաժողովին:

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը: Հուսով եմ, որ ինձ կհաջողվի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ, երբ հասնեմ ցամաք»,- նշել է Տունբերգը ներկաներին ուղղված կարճ ուղերձում:

Մալումն իր մրցանակը նվիրել է այն երեխաներին, որոնք դաժան պատերազմական հանցագործությունների զոհեր են դառնում:

«Խոստանում եմ մնալ Կամերունում և ամբողջ Աֆրիկայում այն ամենախոցելի երեխաների ձայնը, որոնք զուրկ են ձայնից»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ 16-ամյա Գրետա Տունբերգը համաշխարհային էկոլոգիական շարժման առաջնորդն էր դարձել ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում իր ելույթից հետո, որի ժամանակ մեղադրել էր երկրների ղեկավարներին և պաշտոնյաներին՝ կլիմայական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու և գիտական փաստերն արհամարհելու համար, որոնք հաստատում են վերահաս էկոլոգիական աղետը: