Climate emergency. Օքսֆորդի բառարանն ընտրել է տարվա արտահայտությունը

12:01 • 21.11.19

Օքսֆորդի անգլերենի բառարանը բացահայտել է 2019 թվականի գլխավոր արտահայտությունը․ 2019-ի գլխավոր արտահայտությունը climate emergency-ն է, ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է կլիմայական արտակարգ դրություն։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Նշվում է, որ տարվա բառը կամ արտահայտությունը բացահայտվում է բառի կամ արտահայտության հաճախակի գործածելիությունը ցույց տալու և անցնող տարվա «տրամադրությունը» կամ դրանում առկա անհանգստություններն արտահայտելու նպատակով։

«Երբ ուսումնասիրում էինք փաստերը, պարզ դարձավ, որ ամենահաճախ օգտագործվող բառային միավորները կապված են կլիմայի հետ։ Սա արտահայտում է 2019 թվականին անգլախոս հասարակության գլխավոր անհանգստությունը»,- նշել է Օքսֆորդի բառարանի խմբագիր Քեթրին Քոնոր Մարտինը։

«Կարճ ցանկում» են հայտնվել նաև climate action (պայքար կլիմայական փոփոխությունների դեմ), climate denial (կլիմայական խնդիրների ժխտում), eco-anxiety (էկո անհանգստություն), extinction (անհետացում) և flight shame (ամոթ թռիչքից) արտահայտությունները։

Հիշեցնենք, որ 2018 թվականին գլխավոր բառ է ճանաչվել toxic՝ թունավոր բառը, 2017-ին՝ youthquake-ը՝ երիտշարժումը։