Դիլիջանի Ֆաբլաբ թիմը Ֆաբակադեմիային մասնակցելու իրավունք է ձեռք բերել. նախագծի ղեկավար
2019 թ. Դիլիջանի Ֆաբլաբ թիմը, աշխատելով ֆաբլաբում, արդեն իրավունք է ձեռք բերել մասնակցել Ֆաբակադեմիային, որը բոլոր ֆաբլաբերի կրթական ծրագիրն է: Ավելի քան 70 ֆաբլաբեր ֆաբակադեմիա են իրականացնում, և ամբողջ աշխարհից 250-ից ավել ուսանող է մասնակցում: Ֆաբլաբերը նախատիպերի պատրաստման հաստոցներով և սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ են: Նման լաբորատորիաները ստեղծվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ատոմների և բիտերի լաբորատորիաներում և տարածվել են աշխարհով մեկ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դիլիջան ֆաբլաբի նախագծի ղեկավար Մարիամ նահապետյանը:
«Ամբողջ աշխարհում կա 1750 ֆաբլաբ, ու դրանցում ցանկացած մարդ` անկախ տարիքից, մասնագիտությունից, կարող է գալ և օգտվել բոլոր հնարավորություններից` հաստոցներից, համակարգչային ծրագրերից և պատրաստել ցանկացած տիպի նախատիպ:
Այս տարի մեզ տվել են հնարավորություն, որ Հայաստանից 4 մարդ կարողանա մասնակցել այդ ակադեմիայի 6-ամսյա կուրսին: Դրա ընթացքում ուսանողները սովորելու են` ինչպես սարքել ամեն ինչ ոչնչից: Ուսանողները մասնակցում են նաև օնլայն դասախոսության, ստանում են ամենշաբաթյա հանձնարարություններ, աշխատում են դրանց վրա ու տեղադրում անհատական կայքերում:
Ամենակարևորը` ուսանողները դասընթացների ավարտին պետք է ներկայացնեն իրենց ավարտական ծրագիրը, որն իրենից ենթադրում է որևէ սարք, որն իր մեջ ներառում է բոլոր այն մասերը, որոնք այդ 6 ամսվա ընթացքում ուսանողները սովորել են: Տարիքային խումբը 14+-ն է` հաշվի առնելով, որ կան մասեր, որոնց համար անհրաժեշտ են մաթեմատիկայի և ֆիզիկայի գիտելիքներ»,-ասաց Նահապետյանը:
Ծրագրի ղեկավարը մանրամասնեց, որ մասնակցության համար կան որոշ նախապայմաններ և դրանցից մեկն այն է, որ ցանկացած մարդ, որը կցանկանա մասնակցել, պետք է լավ տիրապետի անգլերենին, քանի որ ամբողջ կուրսն անգլերեն է լինելու: Նրա խոսքով՝ դիմորդը պետք է ներկայացնի իր նախնական պատկերացումը, թե ինքն ինչ է սարքելու, որովհետև եթե հնարավորությունը տրամադրվեց այնպիսի մեկին, ով այնքան էլ լավ չի պատկերացնում` ինչ է անելու, կառաջացնի խնդիր, և ուսանողը չի կարողանա ավարտել ծրագիրը:
«Բնականաբար, մենք նախատեսում ենք ամբողջ պրոցեսը ներկայացնել մեր պոտենցիալ ուսանողներին, որ իմանան` իրենց ինչ է սպասվում: Ուսանողը չի կարող բաց թողնել դասընթացի ոչ մի շաբաթ: Յուրաքանչյուր շաբաթ պետք է իրականացվի տնային առաջադրանք, որը բաց թողնելու դեպքում ուսանողը խնդիր կունենա ավարտելիս: Կա դասընթացի երեք փուլ` ուսանողը պետք է իր ամբողջ տնայինները կայքում ճիշտ ներկայացնի, երկրորդ` ներկայացնի ավարտական նախագիծը, երրորդ փուլում էլ ամեն ինչ հաշվարկվում և գնահատվում է:
Դասընթացը Հայաստանի համար շատ նոր է և ոգեշնչող` հաշվի առնելով, որ մեզ տվել են 4 տեղ, որը բավականին լավ թիվ է, քանի որ 5000 եվրո արժե ամբողջ կուրսը` 1 ուսանողի համար, իսկ մեր պարագայում դա ստացվում է 70 % զեղչով: Այդ է պատճառը, որ ուսանողների առջև շատ խիստ պայմաններ են դրվել, որովհետև այդ պայպանները մեր առաջ դրել է նաև MIT-ին` ֆաբ հիմնադրամը»,-ասաց Մարիամ Նահապետյանը:
Թե ինչ է սպասվում լավագույն ուսանողներն ավարտելուց հետո, Նահապետյանն ասաց, որ պետք է մասնակցեն ավարտական կոնֆերանսի, որն ամեն տարի տարբեր մայրցամաքներում և երկրներում է իրականացվում, հաջորդ տարի դա լինելու է Մոնրեալում` Կանադայում: «Կոնֆերանսի ընթացքում ուսանողները կծանոթանան բոլոր այն ֆաբլաբերի հետ, որոնց հետ իրենք 6 ամիս աշխատել են: Կոնֆերանսի ընթացքում ևս բավականին թվով դասընթացներ, միջոցառումներ են իրականացվում, որոնց ընթացքում փորձի փոխանակում է կատարվում, որը շատ օգտակար է` հաշվի առնելով, որ ուսանողներն ստանում են նոր գիտելիքների ու նոր փորձի հնարավորություն»,-եզրափակեց Նահապետյանը:









