Վրաստանի կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում (ուղիղ)

11:45 • 21.11.19

Այսօր՝ ժամը 11:00-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ կառավարության շենքի դիմաց, բողոքի ակցիա է սկսվել: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Ցուցարարները հայտարարել են, որ իրենք խորհրդանշական կերպով շրջափակելու են շենքը: Սա առաջին դեպքը չէ, որ ցուցարարները շրջափակում են տարբեր կառավարական շենքեր: Ավելի վաղ նրանք նույն կերպ շրջափակել էին դատախազության շենքը:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով:

Ավելի վաղ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նշել էր, որ 2020 թվականի ընտրությունները կանցնեն համամասնական ընտրակարգով, որից հետո հոկտեմբերի վերջին խորհրդարանն անցել է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ անելուն, սակայն իշխող կուսակցությունից շատ պատգամավորներ, որոնք ընտրվել էին մեծամասնական համակարգով, չեն աջակցել այս ծրագրին, ինչի պատճառով այն տապալվել է: