Թվում է՝ գործադիրը կառուցապատողի հետ գործարքի մեջ է, բողոքները տեղ չեն հասնում․ նոր չափագրումներ անելու պահանջով՝ Կոնդի, Ֆիրդուսի, Եկմալյան փողոցի բնակիչները բողոքի ակցիա արեցին (տեսանյութ)  

13:16 • 21.11.19

14:12

Մենք դիմում ենք գրում պարոն վարչապետին, բայց մեզ պատասխանում է ԺԵԿ-ը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Ես ասում եմ, որ վարչապետը մեր խնդրին ծանոթ է, որովհետև երբ նա ընդդիմադիր էր, մենք հանդիպել ենք այս խնդրով, բայց ես չեմ ասում, որ նա հիմա մեր դիմումը ստանում է: Իմ գրած դիմումը վարչապետին չի հասնում, դիմումների բաժնից նամակը գնում է քաղաքապետարան, քաղաքապետարանից գնում է ԾԻԳ, ԾԻԳ-ից ԺԵԿ, ԺԵԿ-ից պատասխան է գալիս Փաշինյանի անունով: Սա է ամբողջ խնդիրը»,- ասաց նա:

Ակցիայի մասնակիցը նշեց, որ այսօր ակցիա են անում, որ իրենց ձայնը լսվի. «Երևի մեկը կգնա կասի՝ պարոն վարչապետ, էսպիսի խնդիր կա, ո՞նց է լուծվելու խնդիրը: Խնդրի լուծումը չկա, վարչապետին ինֆորմացիա չի հասնում, ինֆորմացիան ուրիշ տեղ է գնում: Ասում են՝ սպասեք դատական վճիռը լինի, բայց որ դատական վճիռը լինի, մեզ էլ ոչ մի բան պետք չի, շնորհակալություն կհայտնենք, մեր դռները կփակենք կհանձնենք, կթողնենք կգնանք»,- ասաց նա:

Տերյան 25 շենքի բնակիչ ՄԵլինե Նավասարդյանն էլ ասաց, որ իրենք 2007 թ. գերի են գերակա շահին: «Դատարանները մեզ ասում էին՝ թեև ձեզ հասկանում ենք, բայց վճիռ էին կայացնում ոչ հօգուտ մեզ: Հեղափոխությունից հետո մեզ մոտ հույս արթնացավ և ասում էինք՝ կարող է մեր հարցը լուծվել: Մեր դատերը շարունակվում են, մենք դատարաններում նոր առաջարկներ ենք անում, ասում ենք՝ եթե մեր շենքը պետք է անպայման քանդվի, մեզ Փոքր Կենտրոնում տվեք մեր բնակարաններին համահունչ բնակարաններ:  Մեզ համար կարևոր է, որ մեզ լսեն, ու մեր հարցին լուծում տրվի, այդ գերակա շահը հեռանա մեզնից: Մենք հույս ունենք, որ գերակա շահը կհանեն, և մենք հանգիստ մեր տներում կապրենք»,- ասաց նա:

13:52

Կառավարության շենքի դիմաց շարունակում են բողոքի ակցիան Կոնդի, Ֆիրդուսի, Երկմալյանի բնակիչները։

Սկզբում բնակիչներին լսելու եկավ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ում բնակիչներն ասացին, որ անցած տարվա մայիսից նամակ են ուղարկել կառավարություն, սակայն պատասխան չեն ստացել:

Բողոքի մասնակիցները դժգոհում էին՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր օգնականներին գործից պետք է հանել: Նրանք դժգոհ էին կոնկրետ Ալեքսանդր Ղազարյանից: «Դատախազություններում պահվում են մեր գործերը, պասերով են աշխատում»,- ասում էին նրանք:

Հետո բնակիչների հետ հանդիպման եկավ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի օգնական Էդուարդ Ավագյանը, ում բնակիչներն էլի ներկայացրին իրենց խնդիրները և ասացին, որ հանկարծ իրենց քաղաքապետարան չուղարկեն: «10-15 տարի դիմում ենք բերել, չեն վերցրել, էսօր էլ վերցնում ու ցրում են մեզ»,- ասաց բողոքող քաղաքացիներից մեկը:

13:16

Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են անում Կոնդի, Ֆիրդուսի, Եկմալյան փողոցի բնակիչները։

Նրանք պնդում են, որ իրենց նամակները տեղ չեն հասնում։ Ակցիան լարված մթնոլորտում է անցնում:

Կոնդի բնակիչները պահանջում են կրկին չափագրել իրենց տները և սեփականության նոր վկայական տալ, իսկ Եկմալյանի բնակիչները փոխհատուցում են պահանջում իրենց բնակարանների համար։

Հիշեցնենք, որ երկար տարիներ խոսվում է Կոնդի բնակիչների բազմաբնակարանային շենքեր տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Բազմիցս այդ մասին հայտարարել են և՛ քաղաքային իշխանությունները, և՛ կառուցապատողները, որոնք պատրաստ են ստանձնել տարածքի շինարարությունը։

Կոնդի բնակիչները մտավախություն ունեն, որ եթե գործը հասնի տեղափոխման, ապա իրենց հատկացված բնակարանների մակերեսը ավելի փոքր կլինի ներկայիս տներից։ Խնդիրն այն է, որ սեփականաշնորհման ընթացքում բակային տարածքները հաշվի չեն առել, իսկ բուն տների մակերեսը, բնակիչների պնդմամբ, փաստաթղթերում սխալ է գրված։