Քրդերը ներողություն են խնդրել Սիրիայի հյուսիսում ռուսական պարեկային խմբի վրա բնակիչների հարձակման համար (տեսանյութ)

12:20 • 21.11.19

Սիրիայում քրդական «Ասայիշ» անվամբ ներքին անվտանգության ուժերը տեսանյութ են հրապարակել, որում ներողություն են խնդրում Սիրիայի հյուսիսային Քոբանի քաղաքում ռուսական պարեկային ուժերի վրա հարձակվելու համար: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:

Քուրդ զինյալներն իրենց ափսոսանքն են հայտնել տեղի ունեցածի առնչությամբ, երբ նոյեմբերի 18-ին Քոբանիում տեղի բնակիչները քարեր և դյուրավառ հեղուկով շշեր էին նետել համատեղ պարեկային ավտոշարասյան վրա, որի մեջ մտնում էին նաև ռուսական ռազմական մեքենաներ:

«Կձեռնարկվեն բոլոր համապատասխան քայլերը, որպեսզի այսպիսի դեպք այլևս չկրկնվի»,-ասվում է հայտարարության մեջ:

Քուրդ առաջնորդներն ընդգծել են նաև, որ իրենք հավատում են, որ ռուսական ջոկատները կարող են երաշխավորել տեղի բնակչության անվտանգությունը, որը ենթադրվում է Սոչիի հուշագրով:

Ռուս պարեկային խմբերն առաջին անգամը չէ, որ ենթարկվում են տեղի բնակչության հարձակումներին: Նոյեմբերի 6-ին կրկին Քոբանիում ռուս-թուրքական պարեկային ջոկատների ուղղությամբ բնակիչները քարեր էին նետել, իսկ նոյեմբերի 8-ին նույնը կրկնվել էր Դերիք քաղաքում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որն ավարտվել է հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամ հետո: Նշված ժամկետի ավարտից հետո Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվվում է ռուս-թուրքական համատեղ պարեկություն: