Մեր որդիների գործերը շարունակում են կոծկել, քննիչներին ու գլխավոր դատախազին պետք է փոխել. զոհված զինծառայողի հայր (տեսանյութ)

14:01 • 21.11.19

Մեր որդիների սպանության գործերը շարունակում են կոծկել, ներգրված բոլոր քննիչներին պետք է փոխել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 2013-ին խաղաղ պայմաններում հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը: Նրա խոսքով ՝ գլխավոր դատախազը պետք է հրաժարական ներկայացնի:

«Քրեական գործը սկզբից մինչև վերջ կեղծ է, նախկինում կատարված հանցագործությունները շարունակվում են: Էսօր տվել են, որ գործը նույն հանցագործը բացահայտի: Դա նույն է, որ ինչ-որ մեկը նստի էդ ծառի ճյուղին ու կտրի էն ծառի ճյուղը, որի վրա նստած է: Քրեական գործում, ովքեր ստորագրություններ ունեն դրած, բոլորը պիտի փոխվեն»,-ասաց նա:

Հովսեփ Մուրադյանի խոսքով՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների սպանության գործերը շարունակում են կոծկել:

«Անցյալ տարի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նրան դիմում տվեցի, ինքը այն ուղարկեց Գլխավոր դատախազություն, դատախազությունը՝ Զինվորական դատախազություն: Զինվորական դատախազությունը գտավ, որ քննիչների գործողություններում հանցակազմ կա, ուղարկվեց Հատուկ քննչական ծառայություն: Հատուկ քննչական ծառայությունը գտավ, որ հանցակազմ չկա, կա թյուրիմացություն, և գործը կարճեց: Բողոքարկեցինք Գլխավոր դատախազություն, Գլխավոր դատախազությունը մեզ մատնացույց արեց՝ դիմել դատարան: Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը գտավ, որ քննիչների գործողություններում հանցակազմ կա, դատախազությունը բողոքարկեց, Վերաքննիչը որոշումն անփոփոխ թողեց»,-նշեց նա՝ հավելելով, որ «կառուսելի» մեջ են հայտնվել:

Հովսեփ Մուրադյանի խոսքով՝ իրեղեն ապացույց համարվող զենքը չի պատկանում իր որդուն, զենքի գրանցամատյանը կեղծվել է, հագուստը կնիքվել է 22 կնիքով, այնուհետև անօրինական բացվել է, կնիքվել 25 կնիքով և ուղարկվել փորձագիտական կենտրոն:

Մանրամասները՝ տեսանյութում