Ֆրանսիան և Իտալիան տուժել են անձրևներից. կան զոհեր ու ավերածություններ (լուսանկարներ)
Ֆրանսիայի հարավում և Իտալիայի հյուսիս-արևմտյան շրջաններում ուժեղ անձրևները հանգեցրել են ջրհեղեղների և ավերածությունների: Ֆրանսիայի հարավում մահացել է երեք մարդ, ևս մեկը համարվում է անհետ կորած, հայտնում է korrespondent.net-ը:
Մի քանի անգամ դադարեցվել է Նիսի և Տուլոնի միջև գնացքների աշխատանքը: Գետերի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով փակվել են մի շարք ճանապարհներ:
Իտալական Սավոնա քաղաքից ոչ հեռու գտնվող Լիգուրիա շրջանում փլուզվել է Թուրինի ուղղությամբ A6 մայրուղու ավտոմոբիլային կամրջի 30 մետրանոց հատվածը: Շրջանային իշխանությունները Twitter սոցիալական կայքում հայտնել են, որ փլուզման պատճառը կարող է սողանքը լինել: Նախնական տվյալներով՝ զոհեր չկան:
Իշխանությունների հավաստմամբ` երկարատև անձրևների պատճառով ավելի քան 370 մարդ արտաքին աշխարհի հետ կապ չունի, տարհանվել է 120 մարդ:
Թուրինում` Պյեմոնտ շրջանի վարչական կենտրոնում, եղանակի պատճառով չեղարկվել է մարաթոնը, քանի որ Պո գետի ջրի մակարդակը հասել է ծայրահեղ ցուցանիշի:
Իտալական Ալպերում գտնվող Աոստա հովտում ձնահյուսերի հետևանքով ավելի քան 1000 մարդ կորցրել է կապն արտաքին աշխարհի հետ:
Վենետիկում կիրակի օրը ջրամբարի ջրի մակարդակը նորմայից կրկին բարձրացել է 130 սանտիմետրով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը` վերջերս Վենետիկում ջրհեղեղների պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել:



















