Իշխող խմբակցությունը չի անդրադառնում հարցին, թե այդ տասնյակ մեքենաներն ինչի դիմաց են նվեր ստացել. Դ. Խաժակյանը Սամվել Ալեքսանյանի` քաղաքին նվիրաբերած «ԿամԱԶ»-ների մասին (տեսանյութ)

12:00 • 26.11.19

Հստակ է, որ խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյանը քաղաքին նվիրաբերել է «ԿամԱԶ»-ներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Ինձ շշմեցնում է այն, որ խմբակցությունը, որը յուրաքանչյուր հաջորդ եկած բեռնատար մեքենա նկարում է, այսօր չի ցանկանում անդրադառնալ հարցին, թե ի վերջո այդ տասնյակ մեքենաները ումի՞ց և ինչի՞ դիմաց են նվեր ստացել»,-ասաց նա:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ եթե նախապես ասեին, որ «Ալեքս հոլդինգ» ընկերությունը ցանկանում է իրենց նվեր անել, հասկանալի, թափանցիկ, հրապարակային կլիներ գործընթացը, բայց երբ ամիսներ շարունակ դա պահել են, այստեղ հստակ խնդիր կա: Նա նշեց, որ խոսքը մոտավորապես երկու տասնյակ մեքենայի մասին է:

«Ես կարծում եմ՝ իրենք հասկանում են, որ դա խնդիր է, և գաղտնի պահելը պայմանավորված է նաև որոշակի հանգամանքներով, փոխադարձ ըմբռմամբ: Այսօր համացանցում տեղեկատվություն հայտնվեց, որ Դավթաշենում մեծ կառուցապատում է իրականացվել, որի դիմաց խնդրել, կամ ակնկալել են այդ նվերը: Այս տեղեկությունները պետք է պարզաբանվեն»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, թե «Իմ քայլի» գործընկերներից շատերը տեղյակ չէին այդ ամենից: