Ալբանիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով մահացել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ, փլուզվել են հարյուրավոր շենքեր (լուսանկարներ, տեսանյութ)
Ալբանիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով մահացել է 6 մարդ: Կան տասնյակ վիրավորներ, փլուզվել են հարյուրավոր շենքեր, գրում է Daily Mail պարբերականը՝ ներկայացնելով երկրաշարժի հետևանքները ցուցադրող ֆոտոշարք:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը` երևանյան ժամանակով ժամը 6:54-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Տիրանայի հարևանությամբ գտնվող Շիջակ քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա: Շրջակա քաղաքները նույնպես խիստ տուժել են:
Քուրբինում 50-ամյա մի տղամարդ փլուզվող շենքից փրկվելու համար դուրս է ցատկել, սակայն մահացել է: Ականատեսների համաձայն` բնակիչները, երեխաները գրկներին, տագնապի մեջ դուրս են վազել շենքերից:
Հեռուստատեսությամբ հեռարձակված կադրերում ցուցադրվել է` ինչպես են մի երեխայի դուրս հանում փլատակների տակից:
Ականատեսների համաձայն` Դուրրեսում 4-հարկանի մի հյուրանոց ամբողջովին ավերվել է, մի շարք շենքեր լրջորեն վնասվել են:
Այսօր առավոտյան Ալբանիայի նախագահ Իլիր Մեթան նշել է, որ իրավիճակը ողբերգական է, և նշել է, որ ջանքեր չեն խնայում մարդկանց փլատակների տակից դուրս բերելու համար:
ԱՄՆ երկրաբանական ծառայության համակարգչային կանխատեսումների համաձայն` մոտավորապես 8 000 մարդ պետք է զգացած լինի «հզոր» ցնցումները: Իսկ Հունաստանում, Մոնտենեգրոյում, Կոսովոյում, Հյուսիսային Մակեդոնիայում հզոր ցնցումները պետք է զգացած լինի մոտ 12 մլն մարդ:



















