Արդյո՞ք Երևանի քաղաքապետարանը 1 մլն դոլարի «ԿամԱԶ»-ի դիմաց Եղվարդի խճուղում կառուցապատողին շինթույլտվություն է տվել. մամուլի խոսնակը հերքում է, Ռ. Բաղդասարյանը խոստանում անդրադառնալ խնդրին

12:05 • 26.11.19

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ հարց է բարձրացրել՝ արդյոք ճի՞շտ է, որ Դավթաշենում՝ Եղվարդի խճուղում, իրականացվող շինարարության կառուցապատողը 1 մլն. դոլարի ( 10 հատ) «ԿամԱԶ» է նվիրել Երևանին շինթույլտվություն ստանալու համար։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ քանի որ Ռուսլան Բաղդասարյանը համայնքային գույքի հափշտակման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, համայնքին վնաս հասցնելու գործով որպես մեղադրյալ է ներգրավված, ապա նրա հայտարարությունները կամ մտքերը որպես պաշտպանվելու միջոց է ընդունում:

«Իսկ ընդհանրապես քաղաքապետարանը որևէ մեկին որևէ բանի դիմաց շինթույլտվություն չի տալիս: Քաղաքապետարանը շինթույլտվություն տալիս է բացառապես այն դեպքերում, երբ այդ շինթույլտվության օրենսդրական նորմատիվային հիմքերը և քաղաքի զարգացման նպատակահարմարությունն առկա են»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Բացի այդ, նա նշեց, որ գաղտնիք չէ, որ քաղաքապետարանը կառուցապտողներից և  ընդհանրապես Երևան քաղաքում տնտեսական գործունեություն ծավալող մի շարք սուբյեկտներից, անհատներից, կազմակերպություններից ընդունում է աջակցություն: Ըստ նրա՝ այդ օժանդակությունը կարող  է լինել բնակմակերես, ինչ-որ ծառայություն, հանրային տարածքների բարեկարգում, ինչպես նաև օժանդակ տեխնիկա:

«Բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտը ՄԱԿ-ի հռչակագրերով ընդունված միջազգային խրախուսվող պրակտիկա է համայնքների կողմից: Գործող քաղաքային իշխանությունը, տնտեսվարողների վստահությունից օգտվելով, լայնորեն կիրառում է այդ պրակտիկան, և ակնարկներն ու փորձերը՝ այս պրակտիկան ներկայացնելու բացասական լույսի ներքո, բարոյական տեսանկյունից խոցելի են, առավել ևս այն մարդկանց կողմից, որոնք մեղադրվում են համայնքային գույքը հափշտակելու մեջ»,- ասաց նա:

Իսկ արդյոք Եղվարդի խճուղում կառուցապատում իրականացնող ընկերությունից, այդուհանդերձ, «ԿամԱԶ»-ներ վերցրել է քաղաքապետարանը, Հակոբ Կարապետյանն ասաց, որ չգիտի, թե որ կազմակերպության մասին է խոսքը:

Tert.am-ը գրավոր հարցմամբ դիմել է քաղաքապետարան և խնդրել տեղեկատվություն՝ Եղվարդի խճուղում կառուցապատում իրականացնող ընկերություններից ինչ նվիրատվություն է ստացել քաղաքապետարանը: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:

Tert.am-ը Կարապետյանի հայտարարությունների շուրջ, թե համայնքի ունեցվածքը հափշտակելու մեջ մեղադրվող մարդը նման հայտարարություններ է անում պաշտպանվելու համար, զրուցեց Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հետ: «Ես չեմ պատրաստվում պատասխանել այդ խոսնակի ասածներին, երբ Հայկ Մարությանը կանդրադառնա բարձրացված խնդրին, այն ժամանակ կտամ պատասխան»,- ասաց նա: