ՏՄՊՊՀ-ի գործունեությունը կթվայնացվի. Գեղամ Գևորգյանը և ՀԲ պատվիրակության անդամները քննարկել են աշխատանքների ընթացքը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։
Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ի
կողմից «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակում ՀՀ
ՏՄՊՊՀ-ում իրականացվելիք բարեփոխումների աշխատանքները ֆինանսավորելու
համար:
«Ծրագիրը մեզ համար կենսական նշանակություն ունի: Խնդիր ենք դրել դրա
շրջանակում իրականացնել մի շարք բարեփոխումներ, որոնք շոշափելի արդյունքներ
կտան և կնպաստեն մեր գործունեության արդյունավետության բարձրացմանը»,- նշել
է Գեղամ Գևորգյանը:
Զրուցակիցները մասնավորապես կարևորել են թվային հարթակի ստեղծումը, որի
արդյունքում կբարելավվի ներքին վարչարարությունը, էականորեն կկրճատվեն
տնտեսվարողների կողմից մրցակցային մարմնին դիմելու և պատասխաններ ստանալու
ժամկետները, որոշումների կայացման գործընթացը կդառնա էլ ավելի թափանցիկ:
«ԵԱՏՄ-ում ևս սկսվել է թվայնացման գործընթացը մրցակցության ոլորտում, և
ես շատ եմ ցանկանում, որ հենց Հայաստանն այս առումով լինի առաջամարտիկը:
Իհարկե, այդ ցանկությունը բավականին հավակնոտ է, սակայն կարծում եմ, որ
մեր ուժերի սահմաններում է»,- հավելել է ՏՄՊՊՀ նախագահը:
Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն
ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:









