Թբիլիսիում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ, 28 մարդ ձերբակալվել է, 3-ը՝ տուժել (տեսանյութեր)

10:24 • 26.11.19

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ լույս երեքշաբթի խորհրդարանի մոտ ոստիկանության հատուկջոկատայինների կողմից բողոքի ակցիայի ցրման ընթացքում ձերբակալվել է 28 մարդ՝ ըստ ՔՕ 173-րդ և 166-րդ հոդվածների (ոստիկանությանը չենթարկվել և մանր խուլիգանություն): Երեք մարդ դեմքի շրջանում տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, նրանց համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընդդիմության առաջնորդները երեկ քայլերթ էին կազմակերպել խորհրդարանի շուրջ և կոչ էին արել կենդանի շղթա կազմելով փակել խորհրդարանի բոլոր մուտքերը: 

«Մենք սկսում ենք խորհրդարանի մուտքերի փակումը, որպեսզի վաղն այնտեղ չհավաքվեն իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները: Եթե ոստիկանությունն այսօր սկսի ցրել մեր ակցիան, մենք կվերադառնանք այստեղ վաղը»,- լրագրողներին ասել էր ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան:

Նրա խոսքով՝ ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև չկատարվեն իրենց պահանջները՝ կառավարության ցրումը և համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրությունների անցկացումը:

Վրացական ոստիկանության հատուկ ջոկատները ջրցան մեքենաների միջոցով բացել են խորհրդարանի մուտքերը և ավտոբուսներով փակել խորհրդարանի հարակից փողոցները:

Մի քանի տասնյակ ցուցարարներ գիշերն անցկացրել են հրապարակում, որտեղ վրաններ են դրված, և հայտարարել են, որ թույլ չեն տա, որ խորհրդարանի հերթական նիստը տեղի ունենա:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով: 

Ավելի վաղ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նշել էր, որ 2020 թվականի ընտրությունները կանցնեն համամասնական ընտրակարգով, որից հետո հոկտեմբերի վերջին խորհրդարանն անցել է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ անելուն, սակայն իշխող կուսակցությունից շատ պատգամավորներ, որոնք ընտրվել էին մեծամասնական համակարգով, չեն աջակցել այս ծրագրին, ինչի պատճառով այն տապալվել է: