ՌԴ Անդրբայկալյան երկրամասում ավտոբուսը կամրջից ընկել է գետը, կա 15 զոհ (լուսանկարներ)

14:22 • 01.12.19

ՌԴ Անդրբայկալյան երկրամասի Սրետենսկի շրջանում ավտոբուսն ընկել է Կուենգա գետով անցնող կամրջից, ինչի հետևանքով 15 ուղևոր է մահացել, գրում է Meduza.io-ն։

«ՏԱՍՍ» լրատվական գործակալության տվյալներով՝ տուժել է ևս 18 մարդ, նրանցից 6-ը հոսպիտալացվել են։

«Վթարի հետևանքով 15 մարդ զոհվել է, 18-ը՝ տուժել․ նրանցից 6-ը հոսպիտալացվել են»,- գործակալությանը հայտնել է Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի զրուցակիցը:

ԱԻՆ-ում այս տեղեկությունը հաստատել են և նշել, որ նախնական տվյալներով ավտոբուսում եղել է 44 մարդ։ Նախարարությունում նաև պատմել են, որ ավտոբուսն ընկնելու մասին տեղեկությունը ստացվել է Մոսկվայի ժամանակով 09:38-ին:

Վթարի հետևանքների վերացմանը մասնակցում է 30 մարդ։ Տուժածների տարհանման համար նախատեսվում է ներգրավել Աղետների բժշկության սանիտարական ավիացիան:

Գործակալությանը Ռուսաստանի ճանապարհային ոստիկանությունից հատնել են, որ վթարը տեղի է ունեցել Մոգոյտույ-Սրետենսկ-Օլոչի ավտոճանապարհի 60-րդ կմ-ում: Վթարի պատճառ է դարձել Kia Granbird ավտոբուսի պայթած անիվը։ Ավտոբուսը Սրետենսկից գնում էր Չիտա։

Ըստ հաղորդման՝ ավտոբուսը հարվածել է արգելապատնեշին և ընկել կամրջից: Նախնական տեղեկատվության համաձայն՝ ավտոբուսը պատկանում է անհատ ձեռնարկատիրոջ, որը զբաղվում է զբոսաշրջային փոխադրումներով:

Անդրբայկալյան երկրամասի դատախազությունը կամրջից մարդատար ավտոբուսի գետը ընկնելու փաստի առիթով հետաքննություն է սկսել։