ԵՄ-ն հետաքննություն է սկսել Google–ի դեմ՝ տվյալների հավաքման իր մեթոդների կապակցությամբ
Եվրոպական Միության հակամենաշնորհային մարմինները հետաքննություն են սկսել ամերիկյան Google ընկերության դեմ՝ տվյալների հավաքագրման իր եղանակների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հայտարարությունը։
«Հանձնաժողովը ընկերություններին հարցումներ է ուղարկել նախնական հետաքննության շրջանակներում, որը վերաբերում է Google-ի կողմից կիրառվող տվյալների հավաքման և օգտագործման մեթոդներին»,- ասված է փաստաթղթում։
Գործակալությունը նշում է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու այն փաստին, թե ինչպես է ընկերությունը տնօրինել տեղական որոնողական ծառայությունների և համացանցում գովազդի տեղադրման հետ կապված տվյալները:
Google-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը ստացված տեղեկություններն օգտագործել է միայն իր կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ օգտատերը ցանկացած պահի կարող էր ջնջել իր մասին տեղեկությունը։
Սա Եվրահանձնաժողովի կողմից Google-ի գործունեության հետաքննության առաջին դեպքը չէ։ Մարտին ամերիկյան ընկերության նկատմամբ 1,49 մլրդ եվրոյի չափով տուգանք էր սահմանվել՝ համացանցում գովազդ տեղադրելիս մրցակցության եվրոպական նորմերը խախտելու համար։









