Հակակառավարական ցույցեր` Իրաքում․ ցուցարարները հայտարարում են, որ վարչապետի հրաժարականը «բավարար չէ»

12:56 • 01.12.19

Իրաքի ցուցարարները հրկիզել են Նաջաֆ սուրբ քաղաքի Հաքիմի տաճարի մուտքը, որին ի պատասխան անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել, գրում է Reuters գործակալությունը։

Ցուցարարները տեսագրություն են ուղարկել Reuters գործակալությանը, որտեղ պատկերված է եղել Հաքիմի տաճարի բոցավառվող դուռը: Reuters գործակալությունը չի կարողացել անմիջապես ստուգել կադրերի իսկությունը։

Գործակալությունը հետագայում պարզել է, որ միջադեպը տեղի է ունեցել անցյալ ամիս՝ Իրաքում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ամենաարյունալի օրերից մեկի ժամանակ։

Այս ուրբաթ վարչապետ Ադել Աբդուլ Մահդին խոստացել է հրաժարական տալ՝ հասարակության զայրույթն ու բռնությունը դադարեցնելու նպատակով, սակայն ցուցարարները հայտարարում են, որ վարչապետի հրաժարականը «բավարար չէ»։

«Ես խորհրդարանին կներկայացնեմ իմ հրաժարականի դիմումը, և խորհրդարանը կկարողանա քննարկել վարչապետի նոր թեկնածությունները»,- ասված է Աբդուլ-Մահդիի հայտարարության մեջ:

Աբդուլ Մահդիի պաշտոնաթողության վերաբերյալ հայտարարության մասին հայտնի է դարձել Իրաքի շիա մահմեդականների շրջանում ամենահայտնի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի աս-Սիսթանիի ուրբաթօրյա աղոթքից հետո, գրում է աղբյուրը և հավելում, որ չորեքշաբթի Իրաքի ազդեցիկ շիա հոգևորականության նստավայր Նաջաֆում Իրանի հյուպատոսության հրկիզումը միայն խորացրել է երկրում տիրող ճգնաժամը։

Իրաքում բողոքի ցույցերը սկսվել են հոկտեմբերին։ Գրեթե երկու ամսվա ընթացքում անվտանգության ուժերը ցուցարարների դեմ կիրառել են մարտական փամփուշտներ, արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ: Ընդհանուր առմամբ հակակառավարական ցույցերի արդյունքում ավելի քան 400 տասնյակ մարդիկ են զոհվել, հատկապես Նասիրիա և Նաջաֆ հարավային քաղաքներում:

Ցուցարարները սկզբում պահանջում էին լուծել երիտասարդության գործազրկության հարցն ու պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն հետո արդեն հանդես եկան իշխանական կազմի՝ մասնավորապես կառավարության փոփոխության պահանջով: