«Ծանոթացեք քաղաքապետի թիկունքը պահող քայլ արածների վարքագծին, մակարդակին». Դավիթ Խաժակյանը՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների գրառումների մասին (լուսանկար)

14:09 • 01.12.19

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջին հրապարակել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ավետիս Գասպարյանի («Ֆեյսբուքում» գրանցված է որպես Avo Gasparyan) գրառման ճեպապատկերը, որում վերջինս գրում է, թե «վաղը պանիխիդա է, մյուս օրն էլ թաղում, 7-ը, քառասունքը ու տարին միասին ենք տալու», ինչը, ըստ Դավիթ Խաժակյանի, վերաբերում է «Լույս» խմբակցությանը։

«Ծանոթացեք քաղաքապետի թիկունքը պահող քայլ արածների վարքագծին, մակարդակին: Ավարտվել են բովանդակային փաստարկները, նրանք այլևս ավագանու նիստերի նման բերանները ջուր առած չեն...

Նկարում ում տեսնում եք Իմ քայլից են:

Հ.Գ. խնդրում եմ քոմենթներում վատ բան չգրել իրենց հասցեին: Իրենք մեղավոր չեն, որ ավագանու անդամ են դարձել»,– գրել է Դավիթ Խաժակյանը:

Ավետիս Գասպարյանի գրառման տակ մեկնաբանություններ թողած Վահե Գևորգյանը, Սերգեյ Ապրեսյանը և Արփենիկ Մարությանը նույնպես Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ են։

Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես եկավ պարզաբանումներով՝ կապված տարբեր կազմակերպությունների կողմից Երևանի քաղաքապետարանին որպես նվիրատվություն տրամադրված բեռնատարների թեմայի հետ, Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառում արեց՝ նշելով, որ քաղաքապետը ճիշտ չի ներկայացնում փաստերը, քանի որ ցույց է տալիս փաստաթուղթ և նշում, թե այն ստորագրել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, մինչդեռ փաստաթղթի վրա երևում է, որ ստորագրված է Հայկ Մարությանի կողմից։

«Ասում է ստորագրել է Հրաչյա Սարգսյանը, ցույց է տալիս՝ գրված է Հ․ Մարության։ Դե հիմա էլ կասեն, թե թեք գծով տեղակալն է ստորագրել։ Իսկ պաշտոնական կայքում հենց հիմա էլ նշված է Մարությանի անունը»,– գրել էր Խաժակյանը՝ գրառմանը կից ներկայացնելով Հայկ Մարությանի ուղիղ եթերի այդ հատված տեսանյութը։

Ֆեյսբուքյան իր գրառմանը Դավիթ Խաժակյանը կցել է Ավետիս Գասպարյանի գրառման ճեպապատկերը՝ իր մեկնաբանություններով, որը ներկայացվում է ստորև։