ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռի վթարի հետևանքով 9 մարդ է զոհվել

10:36 • 01.12.19

ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգում շաբաթ երեկոյան տեղի ունեցած թեթևշարժիչավոր ինքնաթիռի վթարի հետևանքով 9 մարդ է զոհվել, հաղորդում է ABC հեռուստաալիքը։

Ավիավթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12: 30-ին՝ Չեմբերլեն քաղաքի օդանավակայանից ինքնաթիռի թռիչքից անմիջապես հետո, հաղորդում է աղբյուրը։

Զոհվածների թվում են օդաչուն և երկու երեխա, ևս երեք մարդ տուժել է: Ինքնաթիռում եղել է 12 ուղևորներ։

Ավիավթարի պատճառը դեռևս չի հաղորդվում, ԶԼՄ-ների տվյալներով՝ վթարի պահին շրջակայքում գործել է ձնաբքի նախազգուշացում:

ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի (NTSB) տվյալներով՝ վթարի է ենթարկվել Pilatus PC-12 միաշարժիչ ինքնաթիռը։

Pilatus PC-12-ը մեկ տուրբո շարժիչով ինքնաթիռ է, որը մշակվել է շվեյցարական Pilatus Aircraft ընկերության կողմից և օգտագործվում է որպես տարածաշրջանային ինքնաթիռ: Այն կարող է մինչև տասը մարդ տեղափոխել, թռիչքի հեռավորությունը հասնում է 2,7 հազար կիլոմետրի։