Սամոայում կարմրուկի համաճարակի զոհերի թիվը հասել է 48-ի

13:20 • 01.12.19

Սամոայում կարմրուկի համաճարակից մահացածների թիվը հասել է 48-ի, գրանցվել է հիվանդության ավելի քան 3,5 հազար դեպք, հայտնում է կղզի-պետության կառավարությունը, գրում է ria.ru-ն։

Կառավարության Twitter-ում կիրակի հրապարակված տվյալների համաձայն՝ հոկտեմբերի կեսերին համաճարակի սկսվելուց ի վեր գրանցվել է հիվանդության 3530 դեպք, որոնցից 173-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում: Զոհերի թվում 44-ը մինչև 4 տարեկան երեխաներ են։ 

Երկրի առողջապահության նախարարությունը համաճարակի վերաբերյալ զգուշացրել էր հոկտեմբերի 16-ին։ Երկրի իշխանությունները զանգվածային պատվաստումներ են հայտարարել նոյեմբերի 18-ին։

Կարմրուկը սուր վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդության նվազեցման հիմնական գործոնը պատվաստումն է: