Սան Պաուլուում զանգվածային երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով 9 մարդ է մահացել, ևս 7-ը տուժել են

09:46 • 02.12.19

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի Պարաիզոպոլիս շրջանում զանգվածային երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով 9 մարդ է մահացել, ևս 7-ը տուժել են, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տարածած հաղորդագրությունը:

Գործակալության տվյալներով՝ հրմշտոցը տեղի է ունեցել 5 հազար մարդու մասնակցությամբ երեկույթի ժամանակ՝ երկու տղամարդկանց ձերբակալելու ոստիկանության ջանքերի հետևանքով, որոնց ոստիկանությունը մեղադրել է կարգուկանոնը խախտելու համար:

Ոստիկանությունից հայտնել են, որ կասկածյալներն աշխատակիցներից փախել են մոտոցիկլետով և կրակ բացել իրենց ուղղությամբ, ապա փորձել են թաքնվել տարածքում տեղի ունեցող երեկույթի մասնակիցների շրջանում:

Ոստիկանության աշխատակիցներն ի պատասխան օգտագործել են ռետինե փամփուշտներ և քիմիական միջոցներ:  Տեղի ունեցածը խուճապ, ապա հրմշտոց է առաջացրել ներկաների շրջանում:

Հաղորդվում է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ տեղի ունեցածի հանգամանքները և 9 մարդկանց սպանության համար ոստիկանության աշխատակիցների հնարավոր մեղավորությունը պարզելու համար: