Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է ինքնալուծարման մասին

12:59 • 02.12.19

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը՝ խորհրդարանը, հատուկ նիստի ընթացքում հայտարարել է ինքնալուծարման մասին: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը նիստի ժամանակ ընթերցել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված դիմումը՝ խորհրդարանի ինքնալուծարման և արտահերթ ընտրությունների նշանակման մասին:

Ինչպես ավելի վաղ գրել էր Tert.am-ը, Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի՝ նոյեմբերի 28-ին անցկացված արտահերթ նիստի ժամանակ որոշում էր ընդունվել լուծարել Միլլի Մեջլիսը՝ խորհրդարանը:

Նշվում է, որ այս որոշումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ «ներկա խորհրդարանը երկրի ղեկավարի վարած քաղաքականությանը ոչ ադեկվատ է արձագանքում և հետ է մնում երկրում կատարվող բարեփոխումներից»: