Բենքսին Բեթղեհեմում սուրբծննդյան տեսարանը պատկերող ինստալյացիա է ներկայացրել՝ «խորհրդանշական Բեթղեհեմյան աստղով»
Սթրիթ արտի բրիտանացի վարպետ Բենքսին սուրբծննդյան տեսարանով զարդարել է իր հյուրանոցը, որը գտնվում է Բեթղեհեմում: Այս մասին Բենքսին հայտնել է իր ինստագրամյան էջում՝ հրապարակելով ինստալյացիայի պատկերը, որն անվանել է «Բեթղեհեմի սպին» (Scar of Bethlehem):
Մոխրագույն պատի ֆոնին նկարիչը վերստեղծել է սուրբծննդյան տեսարանը՝ Մարիամ Աստվածածնի, մանուկ Հիսուսի և սուրբ Հովսեփի կերպարներով, սակայն բեթղեհեմյան աստղի փոխարեն սուրբ ընտանիքի գլխավերևում հսկայական անցք է երևում պատի վրա, որը նման է արկի թողած հետքի:
Սա այս ամիս Բենքսիի ներկայացրած երկրորդ աշխատությունն է Սուրբ Ծնունդի թեմայով: Դեկտեմբերի սկզբին նա ցուցադրել էր Բիրմինգհեմի պատերից մեկին պատկերված «Ձմեռ պապու սահնակը» եղջերուների հետ միասին, որում սահնակի դերը կատարում էր փողոցի եզրին գտնվող նստարանը, իսկ նստարանին քնած էր անօթևան տղամարդը:
Բրիտանացի հայտնի վարպետն իր գործերով բարձրաձայնում է սոցիալ-տնտեսական և հասարակական խնդիրները, որոնք համամարդկային են:










