Մենք ոչ թե վախենում, այլ հակառակը՝ խնդրում ենք, որ մրցույթ հայտարարեն, իսկ մեզ շանտաժների մեջ մեղադրող ԿԳՄՍ նախարարը թող մտածի՝ ինքն աշխատելու է, թե ոչ. Կարեն Վարդանյան (տեսանյութ)

20:18 • 24.01.20

Մենք ոչ թե փախչում ենք մրցույթից կամ վախենում ենք, այլ հակառակը՝ խնդրում ենք՝ մրցույթ հայտարարեք: Երկրորդ՝ պահանջում ենք հետաքննել ստեղծված իրավիճակը և պարզել՝ ԵՄ-ԿԳՄՍ նախարարություն-«Թումո» եռյակի կողմից եղել է՞ կոռուպցիոն գործարք, ինչի պատճառով 2020թ. բյուջեով գումար չի նախատեսվում «Արմաթ» լաբորատորիաների ներդրմանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ 2019թ. հուլիսի 4-ի՝ ՀՀ կառավարության նիստին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ 2020թ. հանրակրթական դպրոցներում տեղադրվելու է 650 «Արմաթ» լաբորատորիա:

«Դեկտեմբերի 30-ին նամակ եմ ստանում, որ լաբորատորիաների ներդրման հարցը կքննարկվի 2021թ. բյուջեի շրջանակում: Դրա համար մենք խնդիրը բարձրաձայնեցինք և ասացինք, որ նախարարության ներսում նկատում ենք սաբոտաժային երևույթներ»,- ասաց նա:

Կարեն Վարդանյանը նշում է, որ այս տարվա ընթացքում 650 լաբորատորիաների ներդրումն իրականացնելու համար պետք է առնվազն հունվար-փետրվար ամիսներին մրցույթը հայտարարվի:

«Մեզ մեղադրում են, որ ուզում ենք միանձնյա անել, բայց մենք ուզում ենք այս տարի ավարտել, որովհետև Հայաստանն առաջնային խնդիր ունի՝ հաղթելու համաշխարհային մրցավազքում: Երբ մենք մեկ տարի ուշացնում ենք, մեկ այլ երկիր դա անում է, մենք հետ ենք մնում: Հիմա մենք պահանջում ենք՝ հունվար, ամենաուշը փետրվարին մրցույթ հայտարարեն: Մենք մրցույթից չենք վախենում, այլ հակառակը՝ խնդրում ենք, մրցույթ հայտարարեք»,- նշեց նա:

2020թ. բյուջեում նոր լաբորատորիաների ստեղծման համար գումար չհատկացնելու հարցում Կարեն Վարդանյանը տեսնում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շահագրգռվածությունը: Նրա խոսքով նախարար Հարությունյանը ««Թումոյի» հետ գործարք մեջ է» և ցանկանում է շարունակել կենտրոնի հետ համագործակցությունը:

««Գործարքի մեջ են «Թումոյի» հետ, և քանի որ «Թումոն» պատրաստ չէ 2020թ. մրցույթին՝ ուզում են, որ նրանք հաղթեն մրցույթը, այս տարվա բյուջեից հանել են ծրագիրը, որպեսզի 2021թ. այդ «Թումոն» պատրաստ լինի և նոր հայտարարեն մրցույթ»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրենը:

Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ՝ 2018-ին Եվրամիությունը 23 մլն եվրո է տրամադրել կառավարությանը՝ դպրոցներում ինժեներական կրթության զարգացման համար, որը նպատակային չի ծախսվել:

«Այդ 23 մլն եվրոյից 12.5 միլիոնը նախարարության համաձայնությամբ տրվել էր «Թումոյին»՝ նոր շենք կառուցելու համար: Գումարը տրամադրելու հիմնավորումները խախտումներով են, այսինքն՝ գործընթացը եղել է ապօրինի: Գումարը, որը գալիս է Հայաստան ինժեներական կրթություն զարգացնելու համար, գնում է շենք սարքելուն: Ըստ էության, տեղի է ունենում գործարք ԿԳՄՍ նախարարության, ԵՄ-ի և «Թումոյի» միջև, հիմա այստեղ կոռուպցիոն ռիսկ կա՞, թե՞ ոչ: Մնացած 10.5 մլն եվրոն էլ տվել են ինժեներական կրթության չափորոշիչները որոշելու համար, որի հետքերը չկան, պատկերացում չունենք, թե այդ գումարը որտե՞ղ է ծախսվում և ովքեր են իրականացնում»,- նշեց նա:

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» պատրաստվում է դիմել վարչապետին՝ խնդրելով դրամաշնորհի ծախսման հարցը հետաքննելու համար ներգրավել Վարչապետի վերահսկողական ծառայությանը, ինչպես նաև պատրաստվում են դիմել՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և Եվրոպական ոստիկանություն:

«2011թ. ՊՆ-ի հետ «քյալլա ենք տալիս», փոխնախարար Միրզաբեկյան Ալիկին հանեցին, գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին հանեցին, որովհետև մենք այդ հարցերը բարձրաձայնել ենք անցած իշխանության ժամանակ: Ասեմ, որ անցած իշխանությունն էլ միանգամից չէր ազատում, մենք բարձրաձայնում էինք, հետո գալիս էր պահը, հասկանում էին, որ չեն կարող այդ մարդկանց ծածկել, փոխում էին: Հիմա նույն իրավիճակը ԿԳՄՍ նախարարի հետ է: Արայիկ Հարությունյան ասում է՝ «շանտաժները չեն աշխատելու», ինքը պետք է մտածի՝ ինքն աշխատելու է, թե չի աշխատելու, ոչ թե շանտաժն աշխատելու է կամ թե ոչ»,- ասաց Կարեն Վարդանյանը:

Հունվարի 22-ին Կառավարություն – Ազգային ժողով հարցուպատասխանին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը բացի շանտաժի մասին հայտարարությունից, ասաց, որ 2020թ. նոր լաբորատորիաների ստեղծմանը գումար չտրամադրելու պատճառը նաև «Արմաթ»-ների արդյունավետության ստուգումն է:

Կարեն Վարդանյանը հակադարձում է՝ «Արմաթ» լաբորատորիաների ստուգում նախարարությունն իրականացրել է, բայց չի բարձրաձայնում: Նա ենթադրում է, որ նախարար Հարությունյանն այդ մասին Կառավարություն չի զեկուցում:

«2014 թ. գործում է, պետությունն արդեն միլիարդներ է ծախսել և հիմա նոր որոշում են արդյունավետությունը: Ընդ որում, ստուգել են, 7 հիմնարկների հարցում է արվել «Արմաթի» արդյունավետության վերաբերյալ, դրանցից 6-ը ասել են՝ հոյակապ ծրագիր է, 7-րդը՝ Մանկավարժական համալսարանը, ասել է, որ թարգմանված ծրագրեր եք օգտագործում, ճիշտ կլինի օրիգինալ անգլերենն օգտագործեք: Աշոցքի գյուղում երեխային ես ինչպե՞ս անգլերեն սովորեցնեմ, երբ նա նոր պետք է հայերեն միջավայրում ծրագրավորում սովորի, հետո ցանկություն ունենա անգլերեն սովորելու»,- նկատեց նա:

«Արմաթ» լաբորատորիաների արդյունավետության չափումն իրականացրել է հենց ԻՏՁՄ-ն՝ գործառույթը պատվիրակելով միջազգային հայտնի կազմակերպության:

«90 տոկոսից ավելին համալսարան է գնում, 88 տոկոսը գնում է բնագիտական ուղղությամբ, 44 տոկոսն աշխատում է՝ 18-19 տարեկան երեխաներ, նրանց միջին աշխատավարձը 130 հազար դրամ է՝ կես դրույքի համար: Եվ դրանցից 12 տոկոսը ընդգրկված են նորաստեղծ ընկերություններում: Նման ցուցանիշ որևէ Արևմտյան համալսարան չունի, որ 12 տոկոսը լինեն ստարտափների հիմնադիրներ»,- ասաց Կարեն Վարդանյանը: