Բաղդադում ամերիկյան ներկայության դեմ ցույց է անցկացվում. Al-Sumaria (լուսանկարներ)

12:56 • 24.01.20

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ցույց է անցկացվում ամերիկյան ներկայության դեմ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` Al-Sumaria հեռուստաալիքին հղումով:

Հեռուստաալիքի հաղորդագրության համաձայն` բազմամարդ ցույցը սկսվել է հունվարի 24-ի առավոտյան Բաղդադի կենտրոնի ալ-Ջադրիա շրջանում:

Նշվում է, որ ցուցարարները, որոնք բողոքում են Իրաքի տարածքում ամերիկյան ներկայության դեմ, պարզել են Իրաքի դրոշները և վանկարկում են հայրենասիրական կարգախոսներ:

Հեռուստաալիքն ընդգծում է, որ ավելի վաղ ազդեցիկ շիա քաղաքական գործիչ և կրոնական առաջնորդ Մուքթադա աս-Սադրը, որը «Սայրուն» դաշինքի ղեկավարներից մեկն է Իրաքի խորհրդարանում, մարդկանց հորդորել է դուրս գալ խաղաղ ցույցի՝ պահանջելով վերջ դնել ամերիկյան զինված ուժերի ներկայությանը երկրում:

Իրաքի խորհրդարանը հունվարի 5-ի արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ քվեարկել է երկրի տարածքից օտարերկրյա զորքը դուրս բերելու օգտին, ինչպես նաև հանդես է եկել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի միջազգային կոալիցիոն ուժերի հետ համագործակցությունը դադարեցնելու պահանջով: