Դպրոցների կառավարման խորհուրդներում ներառվել են ՔՊ ակտիվիստներ, պատգամավորներ. ո՞ր իշխանիկներին են այսօր ծառայում այդ խորհուրդները. Անի Սամսոնյան (տեսանյութ)

15:51 • 24.01.20

Ես ուսումնասիրել եմ Երևանի հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմը և ապշել եմ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ելույթների ժամին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը` դիմելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:

«Պարզվել է այս երկու տարվա մեջ լուրջ փոփոխություններ են եղել այդ կազմում, կազմում ներառվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, ԱԺ պատգամավորներ, նրանց օգնականներ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ: Ապշել եմ, պարո՛ն նախարար, որովհետև Դուք նախարար դառնալուց առաջ միշտ խոսում էիք այն մասին, որ դպրոցների կառավարման խորհուրդները կուսակցականացված են և դա ճիշտ չէ»,- ասաց նա և հարցրեց, թե հիմա ինչպես հասկանան այս քայլերը:

«Միայն թե խնդրում եմ չասեք, որ դուք նախկինների պես չեք, դուք ուրիշ եք, որովհետև կուսակցականը մնում է կուսակցական, քաղաքականը մնում է քաղաքական բոլոր դեպքերում և բոլոր կուսակցական դեպքերում: Հիմա ուզում եմ հասկանալ,  թե ինչ գործ ունեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստները դպրոցի կառավարման խորհուրդներում: Հարգելի՛ ԱԺ պատգամավորներ` Վաղարշակ Հակոբյան, պարոն Պապոյան, տիկին Հովսեփյան, դուք ի՞նչ գործ ունեք կառավարման խորհուրդներում, ձեր օգնականներն ի՞նչ գործ ունեն, ի՞նչ են անում»,-ասաց նա:

Անի Սամսոնյանը նշեց, որ իրենք փորձում են բուհերի խորհուրդներից դուրս քաշել պատգամավորներին, որ դրանք քաղաքականացված չլինեն, պարզվում է` դպրոցներում   ավելի խորը արմատներ են գցել:

«Սա պարզապես անթույլատրելի է: Պարո՛ն նախարար, Դուք մի անգամ Ձեր խոսքում ասել եք, որ խորհուրդները ծառայել են տեղի իշխանիկներին, հիմա ուզում եմ հասկանալ` որ իշխանիկներին են այսօր ծառայում այդ կառավարման խորհուրդները։ Միայն թե չասեք, որ հիմա մարդ չկա, որ այդ խորհուրդներում ներգրավեք, քանի որ դուք ժամանակ եք ունեցել այդ խորհուրդներում բարեփոխումներ անելու: Եվ  եթե մեկը կա, ով պետք է այս ԱԺ ամբիոնից ներողություն խնդրի, դա դուք եք, սիրելի գործընկերներ, որ պետք է ներողություն խնդրեք մեզանից և քաղաքացիներից ձեր անսկզբունքայնության համար»,-ասաց նա: