Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով արդեն մեկուսացվել է 10 քաղաք, դադարեցվել է տրանսպորտի աշխատանքը

13:12 • 24.01.20

Չինաստանի Հուբեյ նահանգում արդեն մեկուսացվել է 10 քաղաք` կորոնավիրուսի նոր տեսակի տարածման սպառնալիքի պատճառով: Այդ քաղաքներում դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, հայտնում է The Guardian պարբերականը` հղում տալով տեղական իշխանությունների տարածած հայտարարություններին:

Իշխանությունները դադարեցրել են Ուհանի` նահանգի մայրաքաղաքի հետ տրանսպորտային հաղորդակցությունը` միևնույն ժամանակ փակելով օդանավակայանն ու երկաթուղային կայարանները:

Մեկուսացվել են նաև Էչժոու, Չիբի, Չժիցյան, Հուանշի, Սյանտաո, Էնշի, Ցյանցզյան և Սյանին քաղաքները:

Հուանգանում դադարեցվել է նաև կինոթատրոնների, սրճարանների և զվարճանքի այլ կենտրոնների աշխատանքը:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանի իշխանությունները երկրում բռնկված 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակի ֆոնին հիվանդության էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքի բնակչությանն արգելել են լքել քաղաքը:

Իշխանությունների կարգադրությամբ՝ արգելվել է Ուհանից հանրային տրանսպորտի դուրս գալը: Խոսքն ավտոբուսների, մետրոյի, նավերի, գնացքների և օդանավերի մասին է: Բնակիչները միայն քաղաքի ներսում տեղաշարժվելու հնարավորություն ունեն:

Չինաստանում վարակման հետևանքով արդեն մահացել է 25 մարդ, վարակման դեպքերը հասել են 830-ի:

Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին: