Լուկաշենկոն խոստովանել է, որ բջջային հեռախոս չի օգտագործում. նախագահը խորհուրդ է տվել խուսափել գաջեթներից

19:09 • 24.01.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ բջջային հեռախոս չի օգտագործում, քանի որ գիտի, թե ինչ է նշանակում «անվտանգություն»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Միգուցե դա վատ է: Ես նույնիսկ բջջային հեռախոս չունեմ: Նայում եմ`գործընկեր նախագահները զբաղվում են այդ «այֆոններով»...Ես դրանով չեմ զբաղվում: Գիտեմ, թե ինչ է անվտանգությունը: Ես աշխատակից ունեմ, որը զբաղվում է այդ հարցերով»,-նշել է Լուկաշենկոն: 

Ըստ պետության ղեկավարի, շատ հազվադեպ է պատահում, որ ինչ-որ մեկը զանգահարի իրեն բջջային հեռախոսով:

Նախագահը նաև հայտարարել է, որ գաջեթները գրպանում պահելով` մարդիկ հեշտորեն բացահայտում են իրենց գտնվելու վայրը:

Վերջինս նաև զգուշացրել է մարդու առողջության վրա ռադիոալիքների բացասական ազդեցության մասին և հիշեցրել համացանցի հետ կապված հնարավոր վտանգների և արհեստական ինտելեկտի սպառնալիքների մասին: