ԿՀՎ-ն արխիվային տվյալներ է հրապարակել «Հիտլերի գործակալ» Ստեպան Բանդերայի մասին

14:14 • 24.01.20

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) տարբեր աղբյուրներից հավաքել և համակարգել է ուկրաինացի ազգայնականների և նրանց առաջնորդ Ստեպան Բանդերայի մասին տվյալները, մասնավորապես` նրա նկատմամբ հասարակության, լրատվամիջոցների և քաղաքական տարբեր ուժերի վերաբերմունքի մասին տեղեկությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Այս մասին վկայում է բաց հասանելիությամբ հրապարակված տեղեկանքը, որը 1951 թվականին «Սոցիալիստական տեղեկատու» ռուսալեզու ամսագրի թարգմանությունն է:

Հրապարակումը կոչվում է «Ստեպան Բանդերան և Ուկրաինական պետությունը 1941 թվականին», որում կարճ պատմվում է ուկրաինացի ազգայնականների և նրանց կատարած հանցագործությունների մասին:

«1941 թվականի հունիսի 30-ին ուկրաինացի ֆաշիստ և Հիտլերի պրոֆեսիոնալ գործակալ Ստեպան Բանդերան Լվովում հայտարարեց Արևմտյան Ուկրաինա պետության վերստեղծման մասին»,- ասվում է փաստաթղթում:

Հեղինակի խոսքով` Բանդերայի հինգ շաբաթական «պետությունում» վերացվեց ավելի քան 5 000 ուկրաինացի, 15 000 հրեա և մի քանի հազար լեհ:

Փաստաթղթի ներքևում թողած ստորագրությունը ցույց է տալիս, որ այն գաղտնազերծվել է` «Նացիստական ռազմական հանցագործների գաղտնազերծման մասին օրենքի» համաձայն:

Բանդերայի և ուկրաինացի ազգայնականների հանցագործությունները

Ստեպան Բանդերան Ուկրաինայի ազգայնականների կազմակերպության և Ուկրաինական ապստամբական բանակի առաջնորդն է եղել, որը բազմաթիվ հանցագործությունների` այդ թվում 1943 թվականին լեհական ազգի զանգվածային ոչնչացման` Վոլինի կոտորածի հեղինակն է:

Պատերազմից հետո Բանդերան իր գործունեությունը շարունակել է Ուկրաինական ազգայնականների կազմակերպությունում, որի կենտրոնացված կառավարումը գտնվում էր Արևմտյան Գերմանիայում: Նա ղեկավարում էր ԽՍՀՄ տարածքում ուկրաինացի ազգայնականների գործողությունները: Սառը պատերազմի ժամանակ ուկրաինացի ազգայնականներն ակտիվորեն օգտվել են արևմտյան երկրների հատուկ ծառայություններից Խորհրդային Միության դեմ պայքարում:

Նշվում է, որ Բանդերան թունավորվել է ՊԱԿ-ի գործակալի կողմից 1959 թվականի հոկտեմբերի 15-ին Մյունխենում: Թաղվել է 1959 թ.-ի հոկտեմբերի 20-ին Մյունխենի Վալդֆրիդհոֆ գերեզմանատանը: