Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել՝ ինչպես են կորոնավիրուսի նոր տեսակով վարակված մարդիկ ուշագնաց լինում Չինաստանում (տեսանյութ)

15:26 • 24.01.20

Բրիտանական Daily Mail պարբերականը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով` ինչպես են կորոնավիրուսի նոր տեսակով վարակված մարդիկ ուշագնաց լինում համաճարակի էպիկենտրոն համարվող չինական Ուհան քաղաքում:

Ընդհանուր առմամբ, համացանցում տարածվել են նմանատիպ տասնյակ տեսանյութեր: Դրանցում երևում է, որ ուշագնաց եղող մարդիկ դիմակներ են կրում: Մարդիկ գիտակցությունը կորցնում են ինչպես փողոցներում, այնպես էլ փակ շինություններում:

Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առայժմ չի պատրաստվում համաճարակի պատճառով համաշխարհային տագնապ հայտարարել` նշելով, որ «դեռ վաղ է»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Չինաստանի Ախտածին միկրոօրգանիզմների ազգային պահեստարանը հրապարակել է կորոնավիրուսի նոր տեսակի մասին տեղեկություն և դրա առաջին լուսանկարն էլեկտրոնային մանրադիտակից:

 

 

Չինաստանի իշխանությունները երկրում բռնկված 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակի ֆոնին հիվանդության էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքի բնակչությանն արգելել են լքել քաղաքը: Չինաստանում վարակման հետևանքով արդեն մահացել է 25 մարդ, վարակման դեպքերը հասել են 830-ի:

Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին: