Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական. Արծրուն Հովհաննիսյանը՝ ՊՆ տարբերանշանի նոր տարբերակի մասին (լուսանկարներ)

13:28 • 25.01.20

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլում օրերս քննարկման առարկա դարձած ՀՀ ՊՆ տարբերանշանին: Նա մասնավորապես նշել է, որ նախագիծ է, դեռ պաշտոնական և վերջնական չէ: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Երեկ շատ քննարկվեց այս թեման։

Ես գիտեմ, որ բոլորս միաժամանակ մասնագետ ենք տիեզերքից մինչև բալետ ու ֆուտբոլ։ Բայց խնդրում եմ մինչև վերջ կարդալ։ Սա ՀՀ ԶՈւ-երի զինանշանը չէ, այլ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակ։

Եթե մի կողմ թողնենք մեր անձնական կարծիքները, ապա այստեղ կարևոր է մի քանի հանգամանք։

1. Սա նախագիծ է, պաշտոնական չէ, վերջնական չէ։

2. Ոչ այս նկարում, ոչ երեկվա շրջանառված նկարում գծերի համաչափությունը կարող է պահպանված չլինել, քանի որ այն վեկտորային ֆայլը չէ։

3. Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական։ Կարող է դառնալ»։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՊՆ նոր տարբերանշանի լուսանկարը և գրել. 

«Սա ՀՀ պաշտպանության նախարարության նոր տարբերանշանն է։ Խնդրում եմ չշփոթել ՀՀ ԶՈւ զինանշանի հետ, որը հաստատվել է 2001թ. ՀՀ Նախագահի կողմից։ Տարբերանշանի հեղինակը ՀՀ ՊՆ զինանշանագրային բաժինն է»։

Լուսանկարները՝ Ա. Սանդիկովի ֆեյսբուքյան էջից.

Նշենք, որ դեռ երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվում ՀՀ ՊՆ զինանշանի փոփոխման մասին: Մասնավորապես ֆեյսբուքյան օգտատեր Մարինա Մանուչարյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ՊՆ տարբերանշանի նոր տարբերակի լուսանկարը՝ նշելով, որ սա ՀՀ ՊՆ-ի նոր լոգոն է:

ՊՆ տարբերանշանի փոփոխման թեմային անդրադարձել է նաև իրավապաշտպան Երվանդ Վարոսյանը.

«Պարզապես խնդրում եմ այս զինանշանի փոփոխությունը չիրականացնել։ Ամեն ինչի ֆուտուրիստականը չէ որ լավ է... Հ.Գ. պատկերացրեք մի պահ այս ֆուտուրիզմը զինվորական համազգեստի շևրոններին»,- գրել է Վարոսյանը: