Ես ընտանիքի անդամներին ուղղված քննադատություներից չեմ նեղվում, քաջալերում եմ նրանց, որ իրենք իրենց ակտիվությամբ քաջալերեն ուրիշ կանանց` լինել ավելի ակտիվ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ իմ ընտանիքը քաղաքական ակտիվություն ցուցաբերել է միշտ: Այս մասին այսօր լարգրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով իր ընտանիքի անդամների քաղաքական ակտիվության վերաբերյալ հարցին:
«Այսօր ասում են, թե ինչո՞ւ է հարցազրույց տալիս ձեր դուստրը, եկեք նայենք, թե իմ որդին և դուստրը երբվանից են սկսել հարցազրույցոներ տալ Կոշ և Արթիկ քրեակատարողական հիմնարկների պատերի տակ: Ասում են` ինչո՞ւ է ակտիվ ձեր կինը, վերջերս հրապարակվեց փաստ, որ երբ ես բանտում էի, նա քաղաքականապես ակտիվ էր: Մենք ուզում ենք ՀՀ քաղաքացիները լինեն ակտիվ և ՀՀ-ում ներգրավվածության տոկոսը մեծանա: Ես քաջալերում եմ իմ ընտանիքի անդամներին, որ իրենք իրենց ակտիվությամբ քաջալերեն ուրիշ կանանց` լինել տնտեսապես, հանրային, քաղաքական իմաստով ավելի ակտիվ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր ընտանիքի անդամներին ուղղված քննադատություններից չի նեղվում: «Բայց եթե սուտ է հնչում, մեր հարկ ենք համարում պարզաբանել, թե որտեղ է ճշմարտությունը և սուտը»,-ասաց նա:










