Արմեն Գրիգորյանը հեղաշրջման մասին հայտարարություն չի արել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

13:40 • 25.01.20

Գործ ունենք ժամանակակից լրատվության մի ֆենոմենի հետ, որը կոչվում է վերնագրային ընթերցում: Կապանում տեղի ունեցող հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ այսպես ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ադրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում հեղաշրջման փորձեր եղել են:

«Մարդիկ ոչ թե նյութն են կարդում, այլ՝ վերնագիրը: Արմեն Գրիգորյանը հենց կոնկրետ այդպիսի հայտարարություն չի արել: Արմեն Գրիգորյանը տվել է ձևակերպումներ, որոնք լրագրողին բերել են այդպիսի եզրակացության: Սրանք տարբեր բաներ են»,- ասաց նա:

Վարչապետը կարևոր համարեց հարցի պարզաբանումը: «Եթե Արմեն Գրիգորյանի ասածները ճշգրիտ ձևակերպենք կամ փորձենք դա մեկնաբանել, կարող ենք մեկնաբանել որպես հիբրիդային մի երևույթի նկարագրություն, և եթե այդպես ձևակերպենք, ապա կարող ենք դա անվանել հիբրիդային հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ»,- ասաց նա՝ նշելով, որ այն վերջնականապես պարտված և ջախջախված է:

Նա պարզաբանեց, թե ինչ նկատի ունի՝ հիբրիդային պրոցեսներ ասելով: Նշեց, որ դրա մաս է այն, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով Հայաստանի ղեկավարի, նրա ընտանիքի անդամների, բարձրաստիճան պաշտոնյաների մասին սուտ տեղեկություններ տարածելու համար, և  դա արվում  է՝ ներգրավվելով քրեական աշխարհը, տարբեր ուժեր, կոռումպացված դեմքերի:

«Ինչո՞ւ է հեղաշրջում բառն այս պրոցեսի մեջ տեղավորվում: Որովհետև հընթացս այդ պրոցեսի մեջ ներգրավվում են նաև գործող պաշտոնյաներ, որոնք, լինելով իշխանության ներսում, գործում են ընդդեմ իշխանության: Դրա մեջ ներգրավված են լինում նախկին պաշտոյաներ, դրա մեջ ներգրավված են լինում դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ»,- ասաց նա: