Մենք ամեն ինչ անում ենք, բժշկական հաստատություններում «հազար, երկու հազար» դրամի երևույթները արմատախիլ անենք. Նիկոլ Փաշինյան

15:45 • 25.01.20

Երևան քաղաքի մեջ, երբ մարդիկ ծննդատուն են գնում, հաճախ 25 կիլոմեետր և ավելի ճանապարհ են գնում, քանի որ նախընտրում են Էրեբունի հիվանդանոցում երեխա ունենալ: Այս մասին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով Քաջարանի ծննդատների փակվելու հարցին:

«Վերջերս Ազգային ժողովում ասել եմ, որ մենք լրիվ օրինական ճանապարհով միլիարդավոր դրամներ ուղղակի մսխում ենք, որովհետև այն դեպքում, երբ կարող ենք ունենալ ֆինանսավորվող մեկ օբյեկտ, ունենում ենք երեք օբյեկտ: Բայց եկեք անենք դա, եթե մեր երկիրը դրա անհրաժեշտությունը ունի, եթե Քաջարանի ծննդատանը տարեկան ընդամենը 40 ծնունդ է ընդունվում, եթե Մարալիկում 150-ից պակաս ծնունդ է ընդունվում, մենք պետք է հասկանանք,  որ ավելի լավ է այդ միջոցները կենտրոնացնենք, ծննդատներն ուժեղացնենք: Խոսքը պետական միջոցների արդյունավետ օգտագործման մասին է»,-ասաց նա:

Վարչապետն ասաց, որ իրենք ասում են, որ թող թանկ լինի ծառայությունը, բայց լինի որակյալ: «Դա քմահաճույք չէ, շատերը ասում են ազգադավ քաղաքականությունն է վարում կառավարությունը. ծննդատները փակում են, այ մեր երկրի ամենամեծ պրոբլեմը այն է, որ սակավագիտությամբ, չիմացությամբ անում են հետևություններ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամեն ինչ անում են, որ անվճար պետական ծառայությունը լինի իսկապես անվճար, որ  «հազար, երկու հազար» դրամի երևույթներն արմատախիլ արվեն: «Ես երաշխավորում եմ, որ հազար դրամ գրպանս դիր, այդ երևույթները այդ կարգի բժշկական հաստատություններում են, որտեղ ժամանակակից պահանջներին համապատասխան աշխատելու կուլտուրան ներդրված չէ: Երբ մարդիկ կարող են իրենց թույլ տալ, որ խալաթներով դուրս գան, կանգնեն անձրևի տակ, հետո հետ դառնան ծնունդ ընդունող, դա կատաստրոֆա է»,-ասաց նա: