Մենք խնդիր ենք դրել, որ մինչև 2050 թ. տարեկան 15 միլիոն զբոսաշրջիկ այցելի Հայաստան. Նիկոլ Փաշինյան
Մենք այսօր մեծ հայրենադարձության մասին ենք խոսում և դա է մեր հիմնական ծրագիրը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայրենադարձությանը, և Հայաստանի բնակչությունը հինգ միլիոն դարձնելուն:
«Այսօր հայ ժողովուրդը տասը միլիոնանոց սփյուռք ունի, որից առնվազն երեք միլիոնը 1990 թ. հետո արտագաղթածներն են կամ ուղղակի նրանց ժառանգներն են: Բայց մենք չենք էլ մտածում, որ Հայաստանում օտարերկրյա, ուրիշ ազգի ներկայացուցիչ չպետք է ապրի, ամենևին, բայց Հայաստանի ազգային-էթնիկական պատկերում տեսանելի և էական փոփոխություններ պետք է տեղի չունենան, ըստ մեր պատկերացումների: Սա նշանակում է, որ Հայաստանում միայն հայեր չեն ապրում, ազգային փոքրամասնություններ կան։ Մենք հույս ունենք և ամեն ինչ կանենք, որ նրանց բնականոն զարգացման համար ստեղծվեն բոլոր պայմանները, բայց ոչ մի պարագայում, չի կարող մեկը մյուսի հաշվին լինել»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ ուրախությամբ է արձանագրում, որ բազմաթիվ մարդիկ գալիս են աշխատելու, և դա լավ է, որովհետև իրենց հետ բերում են նոր կուլտուրա, նոր ձևեր: Նա նկատեց, որ այսօր աշխարհի աշխատաշուկայում տեղի են ունենում հեղափոխական փոփոխություններ և մի երևույթ է առաջանում, որը կոչվում է ֆրիլանս:
«Մենք խնդիր ենք դրել, որ մինչև 2050 թ. տարեկան 15 միլիոն զբոսաշրջիկ այցելի և դա նշանակում է, որ տասն անգամ պետք է զբոսաշրջիկների թիվը ավելացնենք. դա իրատեսական է, քանի որ Հայաստանի նման չքնաղ երկրներ շատ չկան և փորձը ցույց է տալիս, ովքեր գալիս են այստեղ շատ տպավորված են վերադառնում: Ամենաշատը մեր զբոսաշրջիկները տպավորվում են մարդկանցից, նրանց աուրայից, ինքնությունից, անհատականությունից, էներգիայից: Սա շատ կարևոր է, և այս քաղաքակրթական բաները, որ ասում ենք՝ սպանդանոցները, տաքսիները այսպես լինեն, մենք ուզում ենք, որ մեր երկրի քաղաքական իմիջը, ընկալման մակարդակը բարձրանա: Մենք հո չենք ուզում որևէ մեկին վատություն անենք, կարո՞ղ է մենք մեր քաղաքացու հետևից ենք ընկել»,-ասաց նա:










