Բաքուն թույլ չի տվել Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցչին մուտք գործել երկիր` հայկական ծագման պատճառով. Ուկրաինան ԵՄ-ին խնդրում է արձագանքել

20:00 • 25.01.20

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը նամակ է գրել Եվրամիության ներկայացուցչությանը՝ կապված երկրի ներկայացուցչին Ադրբեջան մուտք գործելու արգելքի հետ:

Ինչպես հայտնում է Европейская правда-ն, Ադրբեջանը մերժել է թույլ տալ Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցչին մասնակցել ԵՄ Արևելյան գործընկերության հովանու ներքո երկրում անցկացվող պաշտոնական միջոցառմանը՝ վերջինիս հայկական ծագման պատճառով: Խոսքը «Հակամարտությունների վերլուծություն» սեմինարի մասին է, որն անցկացվել է հունվարի 13-16-ը` Բաքվում:

Այս մասին ուկրաինական պարբերականին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը՝ ներկայացնելով ԵՄ-ին ուղղված դիմումի կրկնօրինակը:

«Անվտանգության և պաշտպանության եվրոպական քոլեջի» պաշտոնական հրավերով, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է միջոցառմանը մասնակցելու թեկնածուի անունը, որն ընդգրկվել է պատվիրակության կազմում: Ուկրաինայի ներկայացրած թեկնածուները հաստատվել են եվրոպական քոլեջի կողմից, որոնք հատուկ ուսուցում են անցել: Միևնույն ժամանակ, տեղեկություն է ստացվել, որ ՆԳՆ ներկայացուցչի մասնակացությունը միջոցառմանն անհնարին է դարձել ադրբեջանական կողմից երկիր մուտք գործելու մերժման պատճառով, որը պայմանավորված էր Ուկրաինայի ներկայացուցչի հայկական ծագմամբ»,- ասվում է փաստաթղթում:

Նամակում չի նշվում այդ աշխատակցի անունը, սակայն պարբերականի տվյալներով՝ խոսքը միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրման վարչության տնօրեն Մերի Հակոբյանի մասին է: