Դիարբեքիրում երկրաշարժից հետո տղամարդը դուրս է եկել փողոց և դանակով ծակել կայանած մեքենաների անվադողերը

13:13 • 25.01.20

Հունվարի 24-ի երեկոյան Թուրքիայի արևելքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո Դիարբեքիրի Բիսմիլ թաղամասում տղամարդը դանակը ձեռքին դուրս է եկել փողոց և ծակել կայանած մեքենաների անվադողերը: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» լրատվականը:

Հանցագործին տեսագրել են տեսահսկման համակարգի տեսախցիկները: Նա մոտեցել է մեքենաներին և տեսնելով, որ դրանցում մարդ չկա` դանակով ծակել անվադողերը: Հանցագործին հաջողվել է ծակել շուրջ 160 մեքենայի անվադող:

Մեքենաների և տրանսպորտային միջոցների սեփականատերերը հայտնել են, որ այն փաստը, որ դեպքը տեղի է ունեցել երկրաշարժից հետո, չի կարող արդարացում համարվել, և իշխանություններից պահանջել են շտապ գտնել հանցագործին:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել հանցագործին բացահայտելու և ձերբակալելու համար: 

Թուրքիայի արևելյան Էլազիգի նահանգում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, 1030 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 24-ին` տեղական ժամանակով ժամը 20:55-ին (Երևանի ժամանակով` 21:55-ին): Այն զգացվել է հարևան նահանգներում:

Ըստ Արտակարգ իրավիճակների գործակալության տվյալների՝ աղետի գոտում աշխատում է Թուրքիայի 28 նահանգից ժամանած 493 փրկարարական ջոկատ: Երկրաշարժի գոտի է հասցվել 1689 վրան, 1656 մահճակալ և 9200 ծածկոց: