Լիբանանցի նախարարը կառավարության առաջին նիստին նախընտրել է գնալ տաքսիով, քան թիկնապահներով ավտոշարասյամբ

14:20 • 25.01.20

Լիբանանի զբոսաշրջության նախարար Ռամզի Մաշրիֆիյան կառավարության առաջին աշխատանքային նիստին լիբանանցի պաշտոնյաների համար սովորական դարձած զինված թիկնապահներով ավտոշարասյան փոխարեն  տաքսիով է գնացել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով լիբանանյան MTV հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տվյալներով` հունվարի 24-ին կառավարության գլխավոր մուտքին տաքսի է մոտեցել, որը կանգնեցվել է թիկնապահների կողմից:

Այցի նպատակների մասին հարցին վարորդը պատասխանել է, որ իր մեքենայում նախարարն է: Ուժայինները տաքսու վարորդի պատասխանը որպես կատակ են ընդունել, սակայն, այնուամենայնիվ, ստուգելով վարորդի ու ուղևորի փաստաթղթերը, զարմացած են մնացել, որ մեքենայում իրոք նախարարն է եղել:

«Նման իրադարձությունն աննախադեպ է հանրապետությունում, քանի որ նախարարները տեղաշարժվում են թիկնապահներով ավտոշարասյան հետ»,-նշում է լիբանանյան աղբյուրը:

Լրագրողներին հաջողվել է տեղեկանալ, որ Մաշրիֆիյան սեփական մեքենա ունի, սակայն իր իսկ պնդմամբ` նախընտրում է երթևեկել տաքսիով:

Հայտնի է դարձել նաև, որ կառավարության շենքից դեպի Զբոսաշրջության նախարարություն Մաշրիֆիյան մեկնել է արդեն կառավարության խոսնակի մեքենայով, որը վարել է վերջինիս վարորդը, սակայն նախարարը հրաժարվել է թիկնապահներից:

Հունվարի 22-ին Լիբանանի նախագահ Միշել Աունը հաստատել է 20 նախարար-տեխնոկրատներից բաղկացած կառավարության նոր կազմը` վարչապետ Հասան Դիյաբի գլխավորությամբ: Առաջին անգամ Լիբանանի կառավարությունը կազմված չի լինելու քաղաքական գործիչներից և կուսակցությունների ներկայացուցիչներից: Կառավարության կազմում ներառվել է 6 կին, իսկ Զեյնա Աքրը դարձել է արաբական աշխարհում պաշտպանության առաջին կին նախարարը: