Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների գործակալության տվյալները:
Վերջին տվյալների համաձայն՝ վնասվածքներ է ստացել 1466 մարդ: Փլատակների տակից 43 տուժածի են դուրս բերել:
Տարերային աղետի շրջանում շուրջ 3700 փրկարարներ են աշխատում, այնտեղ 144 բեռնատար է ուղարկվել՝ ծածկոցներով, վրաններով և սննդամթերքով: Երկրաշարժի հետևանքով 30 շենք է ավերվել, ևս 81-ը լուրջ վնասվածքներ են ստացել:
Հիշեցնենք, որ 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել նախօրեին` երեկոյան Էլյազիգ նահանգի Սիվրիջ քաղաքի մոտակայքում:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի արևելյան նահանգներում և Սիրիայի հյուսիսում:










