«Քայլերթ հանուն կյանքի». Թրամփը մասնակցել է հղիության արհեստական ընդհատման դեմ ակցիային` դառնալով պատմության մեջ այդ քայլին դիմած ԱՄՆ առաջին նախագահը (լուսանկարներ, տեսանյութ)

11:53 • 25.01.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ մասնակցել է Վաշինգտոնում անցկացված հղիության արհեստական ընդհատման դեմ ամենամյա միջոցառմանը, հայտնում է BBC լրատվականը:

ԱՄՆ-ի տարբեր անկյուններից ժամանած տասնյակ հազարավոր ամերիկացիներ մասնակցել են «Քայլերթ հանուն կյանքի» ակցիային, պատմության մեջ առաջին անգամ ամբիոնից ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահը` Դոնալդ Թրամփը:  

Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահն այս իրադարձությունը նախընտրական քարոզարշավի անցկացման համար որպես կարևոր հարթակ է ծառայեցրել, գրում են լրատվամիջոցները: Միջոցառման կարևոր մասերից է եղել «Ամերիկան կրկին հզոր» կարգախոսը և տեղանքում Թրամփի լուսանկարներով պաստառների, դրոշների, շապիկների վաճառքը: 

«Ինձ համար մեծ պատիվ է լինել պատմության մեջ առաջին նախագահը, որն այցելել է «Քայլերթ հանուն կյանքի» միջոցառմանը: Չծնված երեխաները Սպիտակ տանը դեռևս երբեք ավելի մեծ պաշտպան չեն ունեցել… Յուրաքանչյուր կյանք այս աշխարհ սեր է բերում: Յուրաքանչյուր երեխա ուրախություն է բերում իր ընտանիք: Յուրաքանչյուր մարդ արժանի է պաշտպանության»,- ասել է Թրամփը ժողովրդին ուղղված իր խոսքում:  

Հենց շարժման կողմնակիցները նշում են, որ քայլերթն այնքան ժամանակ կիրականացնեն, մինչև որ հղիության արհեստական ընդհատումներն արգելվեն ամբողջ երկրում:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, ակցիայի անցկացման օր է ընտրվել 1973 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից ամբողջ երկրում հղիության արհեստական ընդհատման օրինականացման մասին որոշման ընդունման օրը:

«Ես դեմ եմ հղիության արհեստական ընդհատումներին, սակայն կան բացառություններ»,-ավելի վաղ հայտարարել էր նախագահը:

Հիշեցնենք, որ հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ արգելքը քննարկվում է ԱՄՆ 16 նահանգների օրենսդիր մարմիններում: Դրանցից չորսում նահանգապետերն օրենք են ստորագրել, որն անօրինական է համարում պտղի սրտի բաբախը զգալուց հետո հղիության դադարեցումը: Մասնավորապես, նման որոշում է ընդունվել Այովա և Ալաբամա նահանգներում:

 

Sarah Schultz holds sign reading 'most pro-life president ever'

Marchers hold a sign saying president Trump, thank you for pro-life, god bless you

Protesters holding anti-abortion signs