Թուրքիայում ուժեղ երկրաշարժից ժամեր անց փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 4 մարդու (տեսանյութ)

12:10 • 25.01.20

Թուրքիայի արևելքում գրանցված ուժեղ երկրաշարժից ժամեր անց փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ևս 4 մարդու: Այս մասին Twitter սոցցանցում հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հարցերով գործակալությունը (AFAD):   

Նշվում է, որ փլատակների տակ գտնվող մարդկանց դուրս են բերել Էլազիգ քաղաքի Մադեն շրջանում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թուրքիայի արևելյան Էլազիգի նահանգում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, 1015 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Ավելի վաղ հաղորդվել է 19 զոհի և 770 տուժածի մասին:

6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 24-ին` տեղական ժամանակով ժամը 20:55-ին (Երևանի ժամանակով` 21:55-ին): Այն զգացվել է հարևան նահանգներում:

Ըստ Արտակարգ իրավիճակների գործակալության տվյալների՝ աղետի գոտում աշխատում է Թուրքիայի 28 նահանգից ժամանած 493 փրկարարական ջոկատ: Երկրաշարժի գոտի է հասցվել 1689 վրան, 1656 մահճակալ և 9200 ծածկոց: