Ուոլ սթրիթի «իսկական գայլը» հայտնի ֆիլմի կինոպրոդյուսերների դեմ 300.000.000 դոլարի հայց է ներկայացրել դատարան
Ջորդան Բելֆորտը, ում կյանքի հիման վրա նկարահանվել է հանրահայտ «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմը, դատի է տվել իր պրոդյուսերներին՝ պահանջելով 300 միլիոն դոլար, հայտնում է The Independent-ը:
Նախկին արժեթղթային բրոքերը 22-ամսյա ազատազրկման էր դատապարտվել այն բանից հետո, երբ ընդունել էր 1999-ին կատարած մեքենայության և փողերի լվացման մասին իրեն հասցեագրված մեղադրանքները: Դրանք սխեմայի մաս էին, որոնք ներդրողների համար 200 միլիոն դոլար էին արժեցել: Մարտին Սկորսեզեի 2013-ի արտադրության ֆիլմում Ուոլ սթրիթի մագնատին մարմնավորում է Լեոնարդո ԴիԿապրիոն:
Եվ այսպես, Բելֆորտը Լոս Անջելեսում հայց է ներկայացրել հինգշաբթի: Հայցը վերաբերում է ֆիլմի ֆինանսավորմանը: Բացի դա նշվում է, որ իրեն հնարավորություն չեն տվել ամբողջությամբ օգտվել իր պատմության նկատմամբ իրավունքից:
Բելֆորտը որպես մեղադրյալներ նշում է «Red Granite Pictures» պրոդյուսերական ընկերության և մալայզիացի կինոպրոդյուսեր Ռիզա Ազիզի անունները:
«Red Granite Pictures»-ի փաստաբան Մեթյու Շվարցը հայտարարություն էր տարածել, որում նշել էր. «Ջորդան Բելֆորտի հայցը ոչ այլ ինչ է, եթե ոչ անհուսալի և վերին աստիճանի իրոնիկ փորձ դուրս գալու համաձայնությունից, որը կյանքում առաջին անգամ օրինական ճանապարհով իրեն հարուստ և հայտնի է դարձրել»:
Հիշեցնենք, որ The Wall Street Journal-ի պնդմամբ՝ «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է 1MDB մալայզիական պետական ներդրումային հիմնադրամի միջոցներով, որոնք ապօրինի յուրացրել է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը: Թերթի պնդմամբ՝ 2014-2015 թվականներն ընկած ժամանակահատվածում Մալայզիայի վարչապետը 1MDB-ի հետ կապված ընկերություններից 681 միլիոն դոլար է ստացել իր անձնական հաշիվներին:
Այս մեղադրանքներից հետո հատուկ հանձնաժողով է ստեղծվել, և ստուգումների արդյունքում իրոք հայտնաբերվել են վարչապետի՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող անձնական հաշիվները:
2016 թվականի հունվարին Մալայզիայի Գլխավոր դատախազությունը հայտարարել է Ռազակի նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքի մասին դատական գործի ավարտի մասին՝ նշելով, որ վարչապետի հաշիվներում հայտնաբերված գումարի առկայությունը չի հակասում օրենքներին և չի կարող ծառայել որպես քրեական գործ հարուցելու հիմք:
2017 թվականին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դատարան է դիմել՝ ներկայացնելով, թե ինչպես են օգտագործվել մալայզիական հիմնադրամի գումարներն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում անշարժ գույք ձեռք բերելու համար: Այս տվյալների հիման վրա նախարարությունը պահանջել է առգրավել Red Granite Pictures-ին պատկանող 1 միլիարդ դոլարի անշարժ գույք Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Լոնդոնում:
Նշենք, որ Red Granite Pictures կինոստուդիան հիմնել է Մալայզիայի վարչապետի խորթ որդին։










