ԱՄՆ-ն կորոնավիրուսի տարածման ֆոնին Չինաստանից կտարհանի իր դիվանագետներին և մյուս քաղաքացիներին
ԱՄՆ պետքարտուղարությունը կարգադրել է կազմակերպել կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի էպիկենտրոն համարվող չինական Ուհան քաղաքից ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցների, ինչպես նաև մյուս քաղաքացիների տարհանումը:
Ինչպես հաղորդում է cnbc.com-ը, այս ամենն արվում է մահացու վտանգավոր վարակի արագ տարածման ֆոնին:
Ի սկզբանե որոշված էր, որ ԱՄՆ քաղաքացիները հայրենիք են վերադառնալու Boeing 767 օդանավով, որը պետք է երկուշաբթի լքեր Ուհանը: Սակայն որոշումը չեղարկվել է:
Ներկայում Պետքարտուղարությունը համագործակցում է Չինաստանի արտգործնախարարության հետ՝ ամերիկացի դիվանագետների, նրանց ընտանիքների և քաղաքում գտնվող մյուս ԱՄՆ քաղաքացիների տարհանումը հնարավորինս արագ կազմակերպելու նպատակով:
Մի քանի տասնյակ ԱՄՆ քաղաքացի արդեն հայտնել են, որ ցանկանում են լքել երկիրը: Նշվում է, որ առաջին չվերթով հնարավոր կլինի Ուհանից դուրս բերել 240 մարդ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Չինաստանը պատուհասած կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի:Չինական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահվան բոլոր դեպքերը գրանցվել են Չինաստանում: Հաղորդվել է նաև ամբողջ աշխարհում գրանցվել է վարակման 2057 դեպք: Առայսօր հիվանդությունից բուժվել է 49 մարդ:
Չինաստանի առողջապահության նախարարը չի բացառել, որ կորոնավիրուսի նոր տեսակի տարածման աղբյուրը եղել է ինչ-որ վայրի կենդանի: Ներկայում 1600 բժիշկ ուղարկվել է համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաք, որտեղ հիվանդների թիվն շատ արագ է ավելանում: Առողջապահության նախարարը խոստովանել է, որ վարակի տարածման հատկությունը գնալով ուժեղանում է և որ դրա մուտացիաների հավանական ռիսկերի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Հիվանդության ինկուբացիոն շրջանը 1-14 օր է:
Բացի այդ, Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս:
Իշխանությունները հայտնել են, որ Ուհանում հիվանդների թիվն այնքան է ավելացել, որ որոշվել է մի քանի օրում նոր հիվանդանոց կառուցել կորոնավիրուսի վարակակիրներին բուժելու համար:
Նորագույն անհայտ տեսակի վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել ավելի քանի երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ավստրալիայում:
Չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:










