Տասնյակ միլիոնավոր մորեխներ «գրոհել» են Քենիան՝ երկիրը կանգնեցնելով սովի սպառնալիքի առաջ (լուսանկարներ)
Քենիայում գրանցվել է անապատային մորեխների «գրոհի»` վերջին 70 տարում ամենալայնամասշտաբ դեպքը: Տասնյակ միլիոնավոր մորեխներ Քենիա են ներխուժել Սոմալիից և Եթովպիայից, գրում է The Guardian-ը:
Միջատները ոչնչացրել են գյուղատնտեսական նշանակության ահռելի հողատարածքներ, կերել են բերքը, ինչը նշանակում է, որ առանց այդ էլ աղքատ երկրում սարսափելի սով է սպասվում: Ընդհանուր առմամբ, վնասվել է 70,000 հա մակերեսով տարածք:
«Նրանք կերել են ամեն ինչ՝ եգիպտացորեն, սորգո, բակլա»,- պատմել է գյուղացիներից մեկը:
ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ անձրևների սեզոնին արագ բեղմանավորվող մորեխների թիվը կարող է 500 անգամ ավելանալ:
«Մենք պետք է անհապաղ գործի անցնենք»,- ասել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Դևիդ Փիրին:
ՄԱԿ-ի տվյալներով՝ մորեխների դեմ արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է 70 մլն դոլար։ Նշվում է, որ մորեխների փոքր պարսը մեկ օրում կարող է 35,000 մարդու կերակրման համար անհրաժեշտ քանակությամբ մթերք ուտել:
Քենիայի հյուսիս-արևելյան հատվածը պատուհասած պարսերից մեկն ունի 60 կմ երկարություն և 40 կմ լայնություն:
Քամու ուղղության հետ շարժվող մորեխները կարող են մեկ օրում 150 կմ տարածություն հաղթահարել: Այժմ նրանք շարժվում են Ուգանդայի և Հարավային Սուդանի ուղղությամբ:






















