Սիրիայում ամերիկացի զինծառայող է զոհվել
Հունվարի 25-ին Սիրիայի Դեյր Էյր-Զոր նահանգում ամերիկացի զինծառայող է զոհվել, հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ 22-ամյա երիտասարդի մահվան պատճառ եղել է ճանապարհատրանսպորտային պատահարը:
Զոհվածի անունն Անտոնիո Մուռ է: Մեքենան, որում նա գտնվել է, կողաշրջվել է: Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:
Նշենք, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները 2014 թվականից Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություն են անցկացնում: Զորքերը Սիրիայից հանելու որոշումը կայացվել էր նախորդ տարվա հոկտեմբերի 9-ին, երբ Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Սիրիայի քրդերի դեմ, որոնք երկար ժամանակ ԱՄՆ-ի դաշնակիցներն էին «Իսլամական պետության» դեմ պայքարում: Արդյունքում ամերիկյան զինվորականները մեծաքանակ բազաներ էին թողել Հալեպում, Էլ-Հասաքեում և Ռաքքայում՝ տեղափոխվելով Իրաք:
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ամերիկյան զորքերի մի որոշ մաս կմնա Սիրիայում՝ նավթային հանքերը հսկելու համար: Ավելի ուշ Պենտագոնը հաստատել էր, որ իրենք պատրաստ են լրացուցիչ ուժեր ուղարկել՝ նավթային շրջանները հսկելու համար:










