Կորոնավիրուսի համաճարակի պատճառով չինացիները բժշկի գնալու համար ստիպված են մինչև 2 օր հերթ կանգնել. Daily Mail (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանի Ուհան քաղաքում շարունակում է մեծ արագությամբ տարածվել կորոնավիրուսի նոր տեսակը, որն արդեն 56 մարդու մահվան պատճառ է դարձել:
Իշխանությունները փակել են քաղաքը, արգելել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ելումուտը: Վախեցած բնակիչները փորձում են լքել Ուհանը, սակայն ոստիկանությունը փակում է նրանց ճանապարհը՝ համաճարակի էպիկենտրոն վերադարձնելով:
Daily Mail-ը նկատում է, որ համաճարակի տարածման ֆոնին սովորաբար մարդաշատ Ուհանը «ուրվական քաղաքի» է վերածվել. մարդիկ նախընտրում են ապահովության համար տնից դուրս չգալ:
Ներկայում հաջողվել է պարզել, որ հիվանդության տարածման աղբյուր է եղել քաղաքի ծովամթերքի և ողջ կենդանիների շուկան:
Տասնմեկ միլիոն բնակչությամբ Ուհանում բազմաթիվ մարդիկ երկարուձիգ հերթեր են կանգնում բժշկի մոտ այցելության համար: Հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Այժմ կառուցվում է նոր հիվանդանոց՝ հատուկ կորոնավիրուսի վարակակիրների բուժման նպատակով:
«Ստիպված ենք մինչև հինգ ժամ հերթ կանգնել, որպեսզի կարողանանք բժշկին տեսնել»,-բողոքել է բնակիչներից մեկը: Մեկ ուրիշն էլ նշել է, որ որոշ հիվանդներ նույնիսկ երկու օր են հերթում անցկացնում:
«Հիվանդ ամուսնուս մի հիվանդանոցից մյուսն եմ տանում, սակայն ապարդյուն, չեմ կարողանում բժշկի սենյակ մտնել: Չունենք ոչ մի պաշտպանիչ միջոց, բայց ստիպված ենք անձրևի տակ հիվանդանոցի առաջ գոյացած հերթում սպասել: Արդեն հուսահատվել եմ ու չեմ էլ հիշում քանի օր ենք մի հիվանդանոցից մյուսը գնում: Չգիտենք էլ՝ մինչև Լուսնային Նոր տարի ողջ կմնա՞նք, թե՝ ոչ»,- բողոքել է մեկ այլ բնակչուհի:



Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Չինաստանը պատուհասած կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի:Չինական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահվան բոլոր դեպքերը գրանցվել են Չինաստանում: Հաղորդվել է նաև ամբողջ աշխարհում գրանցվել է վարակման 2057 դեպք: Առայսօր հիվանդությունից բուժվել է 49 մարդ:
Չինաստանի առողջապահության նախարարը չի բացառել, որ կորոնավիրուսի նոր տեսակի տարածման աղբյուրը եղել է ինչ-որ վայրի կենդանի: Ներկայում 1600 բժիշկ ուղարկվել է համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաք, որտեղ հիվանդների թիվն շատ արագ է ավելանում: Առողջապահության նախարարը խոստովանել է, որ վարակի տարածման հատկությունը գնալով ուժեղանում է և որ դրա մուտացիաների հավանական ռիսկերի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Հիվանդության ինկուբացիոն շրջանը 1-14 օր է:
Բացի այդ, Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս:
Իշխանությունները հայտնել են, որ Ուհանում հիվանդների թիվն այնքան է ավելացել, որ որոշվել է մի քանի օրում նոր հիվանդանոց կառուցել կորոնավիրուսի վարակակիրներին բուժելու համար:
Նորագույն անհայտ տեսակի վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել ավելի քանի երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ավստրալիայում:
Չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:










